Ադրբեջանը հերքում է խաղաղության պայմանագիրը համաձայնեցված կետերով ստորագրելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որը նախօրեին ՀՀ կառավարության ղեկավարը հնչեցրել էր «Երեւանյան երկխոսություններ» միջազգային համաժողովի ժամանակ։
«Խաղաղության համաձայնագրի» նախագծի եւ, առհասարակ, նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունները՝ հնչեցրած սեպտեմբերի 10-ին «Երեւանյան երկխոսություններ» ֆորումում ելույթի ժամանակ, իրականության ակնհայտ խեղաթյուրում են։ Անընդունելի է «խաղաղության համաձայնագրի» նախագիծը չհամաձայնեցված դրույթների դուրսմղմամբ ստորագրելու մասին Հայաստանի պաշտոնյաների կոչը՝ դրանով իսկ երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների լուծումը թողնելով հետագա փուլերին»,-ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարության տեքստում։
Դրանում Ադրբեջանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը եւս մեկ անգամ պնդում է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի հիմնական պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է, որը Բաքվի պնդմամբ կարող է նշանակել Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների վերացում։
Հայտարարության մեջ Հաջիզադեն նաեւ անդրադարձել է Հայաստանի վարչապետի այն հայտարարությանն ու բացատրություններին, որ հենց Ադրբեջանի սահմանադրությունն է, որ տարածքային հավակնություններ ունի Հայաստանի նկատմամբ։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի սահմանադրական ակտում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների առկայության մասին պնդումներին, եւս մեկ անգամ նշում ենք, որ Ադրբեջանի սահմանադրության եւ Հայաստանի սահմանադրության միջեւ զուգահեռներ եւ հավասարություն անցկացնելու փորձը որեւէ արդյունք չի տա։ Ի տարբերություն Հայաստանի սահմանադրության, Ադրբեջանի սահմանադրության մեջ նշված 1991 թվականի պետական անկախության մասին սահմանադրական ակտը եւ 1918 թվականի Անկախության հռչակագիրը տարածքային պահանջներ չեն պարունակում Հայաստանի նկատմամբ»,-ասվում է ադրբեջանական կողմի հայտարարության տեքստում։
Հաջիզադեն նաեւ անդրադարձել է գերիների հարցին՝ ասելով, թե Բաքուն նման պարտավրություն չունի։
«Ադրբեջանը պարտավորություն չունի ազատ արձակել ռազմական հանցագործներին եւ անջատողական խունտայի ռեժիմի ներկայացուցիչներին։ Ադրբեջանը մինչ այժմ, հավատարիմ մնալով մարդասիրության սկզբունքին, բոլոր ռազմագերիներին տեղափոխել է Հայաստան»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։