Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը երկրի հյուսիսում տեղակայված զինվորականների հետ հանդիպմանը կոչ է արել նրանց նախապատրաստվել Լիբանանում ցամաքային գործողություննների մեկնարկին։ Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։
«Մենք ամբողջությամբ ավարտում ենք [Լիբանանում] ցամաքային մարտական գործողությունների նախապատրաստական աշխատանքները, դա վերաբերում է բոլոր ասպեկտներին», — ասել է Գալանտը զինվորների հետ զրույցում։
«Այդ հրահանգները, որոնց դուք սպասում եք, ես դրանք տվեցի հարավում եւ տեսա, որ մեր ուժերը աշխատում են», — ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը՝ պատմելով Գազայի հատվածում գործողության մեկնարկի մասին եւ զինվորներին վստահեցրել է, որ նման հրամաններ կհնչեն նաեւ Լիբանանի հետ սահմանին, եւ նրանք պետք է պատրաստ լինեն իրականացնելու այդ խնդիրները։
«Մենք մոտենում ենք հարավում մեր առաքելության ավարտին, բայց այստեղ ունենք անավարտ խնդիր, այն է՝ փոխել անվտանգության միջավայրը եւ մեր բնակիչներին վերադարձնել իրենց տները»,- ասել է Գալանտը «Օդեդի» բրիգադի պահեստայիններին՝ խոսելով 60 հազար իսրայելցիների մասին, որոնք ստիպված են եղել լքել Իսրայելի սահմանամերձ շրջանները՝ լիբանանյան «Հեզբոլլահի» հրթիռակոծությունների պատճառով։
Իսրայելի եւ Լիբանանի սահմանին իրադրությունը լարվեց նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավային շրջանների վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումներից հետո։ Գազայի հատվածում Իսրայելի պատասխան գործողությունների մեկնարկից հետո արդեն Լիբանանյան շիայական «Հեզբոլլահը» հայտարարեց ՀԱՄԱՍ-ին իր աջակցության մասին եւ սկսեց ռմբակոծել Իսրայելի հյուսիսային շրջանները։ Սրան ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակը սկսել էր Լիբանանի տարածքում տեղակայված «Հեզբոլլահի» դիրքերի զանգվածային հրթիռակոծությունները։