Ամերիկացի հեռուստադիտողների գրեթե երկու երրորդը կարծում է, որ Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը սեպտեմբերի 10-ի հեռուստաբանավեճում ավելի լավ է հանդես եկել, քան նրա մրցակից հանրապետական թեկնածու եւ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին են վկայում CNN-ի պատվերով SSRS ծառայության կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները։
Հետազոտության համաձայն՝ հարցվածների 63%-ը կարծում է, որ Հարիսը բանավեճում ավելի լավ է հանդես եկել, քան Թրամփը։ հակառակ կարծիքի է 37%-ը։
Նշվում է, որ հեռուստաբանավեճից առաջ նույն հարցվածները հավասար գնահատակններ են տվել Հարիսի եւ Թրամփի բանավեճի ընթացքում առավելություն ունենալու հնարավորությունների վերաբերյալ․ հարցվածների 50%-ը հանդես է եկել թեկնածուներից յուրաքանչյուրի օգտին։
CNN-ը հիշեցրել է, որ հունիսի վերջին ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի հետ Թրամփի բանավեճից հետո հարցված հեռուստադիտողների 67%-ը առավելությունը տվել էր հանրապետական թեկնածուի ելույթին, իսկ 33%-ը աջակցել պետության ղեկավարին։
Հարցումներն անցկացվել են տեքստային հաղորդագրության միջոցով։ Դրան մասնակցել է 605 բանավեճի հեռուստադիտող՝ գրանցված ամերիկացի ընտրողներից:
Հարիսի եւ Թրամփի բանավեճը կայացել է սեպտեմբերի 10-ին ABC News-ի ուղիղ եթերում։ 90 րոպե տեւած բանավեճի ընթացքում հարցեր են հնչել տնտեսության վիճակի, աբորտի իրավունքի, անօրինական ներգաղթի դեմ պայքարի, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժուման եւ դրա շուրջ ամերիկյան արձագանքի վերաբերյալ։