Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի հերթական նիստում բավարարել է 51 քաղաքացիների դիմումը «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԸՀ-ն եւ հավելում, որ նախաձեռնող խմբի լիազոր է նշանակվել Արտակ Զեյնալյանը։
Հարցը զեկուցող ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ նախաձեռնող խումբը ԿԸՀ է ներկայացրել «Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
ԿԸՀ-ն նաեւ հայտնում է, որ նախագիծը հանրաքվեին ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունների հավաքումն իրականացվում է ԿԸՀ-ի կողմից նախաձեռնող խմբին գրանցելուց հետո 60 օրվա ընթացքում։ Ստորագրությունների հավաքման ժամկետ է սահմանվել 2024 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։
Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը սահմանել է քաղաքացիական նախաձեռնության անդամի եւ քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչի վկայականների ձեւը։
Նշենք, որ Եվրաինտեգրման ջատագով հայաստանյան մի խումբ ուժեր սեպտեմբերի 5-ին դիմել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ԵՄ անդամակցության հարցով ստորագրահավաքի հնարավորություն ստանալու համար: