Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական հայտարարություններ չի ստացել Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները դենոնսացիայի ցանկության մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք նման ցանկության մասին չենք լսել։ Այդ մասին չի հայտարարվել ոչ դիվանագիտական խողովակներով, ոչ էլ հասարակական դաշտում։ Ես նման բան չեմ տեսել։ Մենք երբեք նման բանի չենք հանդիպել»,-ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում հետ կանչել ստորագրությունը հայտարարությունից՝ հաշվի առնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեջբերել է եռակողմ հայտարարության իններորդ կետը, բայց ոչ մինչեւ վերջ եւ բաց է թողել վերջավորությունը, որտեղ ասվում է, որ տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։
Զախարովան նաեւ նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն նկատում է ինչպես առկա փաստաթղթերը, այնպես էլ դրանց դրույթները շահարկելու փորձեր։
«Ի վերջո, խոսքը միջազգային իրավունքի մասին է, փաստաթղթերի մասին, որոնք ստորագրված են կողմերի կողմից, եւ որոնց կողմերը պարբերաբար հղում են կատարում։ Եվ ոչ միայն դա, նրանք խոսում են փաստաթղթերի մասին եւ մեջբերում փաստաթղթեր, որոնք իրագործվում են ոչ թե կախարդական փայտիկի թափահարումով, այլ իրենց ներդրումն ունեցող մարդկանց միջոցով, ովքեր զոհաբերում են ոչ միայն իրենց ժամանակը, այլ երբեմն իրենց կյանքը, որպեսզի գրվածն իրականություն դառնա»,-ասել է Զախարովան եւ հավելել, որ «անհնար է փաստաթղթերի մեջբերումներին այդքան անլուրջ վերաբերվել, եթե ոչ՝ անպատասխանատու»: