Մեծ Բրիտանիան որոշել է թույլատրել Ուկրաինային օգտագործել «Storm Shadow» թեւավոր հրթիռները Ռուսաստանում գտնվող թիրախներին հարվածելու համար, գրում է The Guardian թերթը՝ հղում կատարելով բրիտանական կառավարության աղբյուրներին։
Սրա մասին թերթը հայտնել է սեպտեմբերի 11-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեւիդ Լամիի Կիեւ կատարած համատեղ այցին նվիրված հրապարակման մեջ։ Այցի ընթացքում նրանք հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եւ քննարկել արեւմտյան հեռահար զինատեսակներով Ռուսաստանի տարածքում տեղակայված թիրախների հարվածները։
The Guardian-ի աղբյուրները նշել են, որ Բլինկենն ու Լամմին միասին Կիեւ են ժամանել, քանի որ «Storm Shadow»-ի կիրառման վերաբերյալ դրական որոշում է կայացվել։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է թերթը, եթե Լամին հրապարակավ հայտարարեր որոշման մասին Կիեւում, նրա խոսքերը կարող էին անհարկի սադրիչ համարվել։
Թերթը գրում է, որ մեծ հավանականությամբ հրթիռների կիրառման համար որոշակի սահմանափակումներ կդրվեն՝ «անխոհեմ կամ անհարկի հարձակումներից խուսափելու համար»։
Կիեւ կատարած այցի ժամանակ Բլինկենն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է «առաջին իսկ օրվանից» հարմարեցնելու իր քաղաքականությունը, քանի որ իրավիճակը Ուկրաինայի ճակատներում փոխվում է:
Բլինկենը նաեւ ասել է, որ որոշել է ուղղակիորեն լսել Զելենսկիից եւ ուկրաինացի այլ պաշտոնյաներից, թե որոնք են Կիեւի նպատակները պատերազմում, եւ ինչ կարող է անել Վաշինգտոնը դրանց հասնելու համար, գրում է Reuters-ը։
Հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկին ասել է, որ «շատ բովանդակալից եւ երկարատեւ զրույց» է ունեցել Էնթոնի Բլինկենի եւ Դեյվիդ Լամիի հետ։
«Քննարկվել են բոլոր առանցքային հարցերը։ Կարեւոր է, որ ուկրաինական փաստարկները լսվեցին։ Սա վերաբերում է հեռահար զենքերին, ռազմաճակատում մարտական բրիգադների ապահովմանը եւ արդար խաղաղությանը մոտենալու ընդհանուր ռազմավարությանը»,-նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո Բլինկենը խոստացել է Կիեւի դիրքորոշումը փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, իսկ Լամմին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին։
ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները մտադիր են հանդիպելու սեպտեմբերի 13-ին Վաշինգտոնում։ Ինչպես գրում է The Guardian-ը, այս հանդիպման արդյունքում նրանք նույնպես հրապարակայնորեն չեն հայտարարի, որ Մեծ Բրիտանիան թույլ է տվել Ուկրաինային օգտագործել «Storm Shadow» հրթիռը Ռուսաստանին հարվածելու համար։