Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարծում է, որ իսլամական պետությունների միջեւ սահմանները պետք է վերանան Եվրամիության օրինակով։ Նման տեսակետ Իսլամական Հանրապետության նախագահը հայտնել է Բաղդադում Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ հանդիպմանը:
Կարեւորելով Իրանի եւ Իրաքի բարեկամական հարաբերությունների պատմությունը՝ Փեզեշքիանը կոչ է արել ստեղծել իսլամական երկրների համատեղ միություն։ Նա նաեւ ներկայացրել է իսլամական երկրների միջեւ սահմանների վերացման հայեցակարգը՝ օրինակ բերելով Եվրամիության փորձը։
«Մուսուլմանական երկրների միջեւ ավելի սերտ միությունը կչեզոքացնի արտաքին պատժամիջոցների ազդեցությունը»,- նշել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ մուսուլմանական համերաշխությունը «սիոնիստական ահաբեկչության» վերացման բանալին է։
Ընդգծելով Թեհրանի եւ Բաղդադի տարածաշրջանային համագործակցությանն ավելի մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը՝ Իրանի նախագահը հորդորել է երկու հարեւանների միջեւ մասնագիտացված կոմիտեներ ձեւավորել՝ կենտրոնանալով քաղաքական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական հարաբերությունների ընդլայնման վրա։ Նա նաեւ հույս է հայտնել, որ Իրանի եւ Իրաքի ֆինանսական եւ տնտեսական համագործակցության համաձայնագրերը կնպաստեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։
Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա ալ-Սուդանիի հետ հանդիպմանն էլ Փեզեշքիանը կարեւորել է Իսլամական Հանրապետության եւ Իրաքի միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագրերի իրականացման հրատապ անհրաժեշտությունը։
Իրանի նախագահը նշել է, որ նման միջոցները կարեւոր են ահաբեկչության եւ այնպիսի հակառակորդների դեմ պայքարում, որոնք նախկինում թիրախավորել են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:
Կողմերը ստորագրել են միջպետական համագործակցության վերաբերյալ 14 համաձայնագիր, որոնք Փեզեշքիանի կարծիքով երկու ժողովուրդների համագործակցության հետագա ընդլայնման մեկնարկային կետ են։
Նշենք, որ Փեզեշքիանը Բաղդադ էր ժամանել սեպտեմբերի 11-ին՝ արտասահմանյան իր առաջին պետական այցով։