«Ալիք Մեդիան» նախորդիվ հրապարակում էր պատրաստել բազմազավակ Դիանա Ղարիբյանի ընտանիքի մասին։ Տիկին Դիանան դերձակ է, 30 տարի կարուձեւով է զբաղվել Արցախում։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտից բռնի տեղահանվելուց, Արարատի մարզի Մասիս քաղաքում հաստատվելուց հետո էլեկտրական վառարան, կարի մեքենա չունենալու պատճառով չէր կարողանում շարունակել գործը:
Մեր հրապարակումից հետո բարերարները երկու կարի մեքենա են նվիրել Դիանա Ղարիբյանին։ Նա փոքրիկ բիզնես է հիմնել, ֆեյսբուքյան էջ բացել եւ անկողնային պարագաների պատվերներ է ընդունում, զգեստներ է կարում եւ ձեւափոխում։
Դիանա Ղարիբյանի 9-հոգանոց ընտանիքում սոցիալական խնդիրները, այնուամենայնիվ, դեռ շատ են:
«Մեր 9-հոգանոց ընտանիքում ես ու ամուսինս ենք աշխատում։ Յոթ երեխաներիցս երեքը՝ դուստրս ու ավագ որդիներս, աշխատունակ են, սակայն պետական որեւէ հիմնարկում, նույնիսկ որոշ մասնավոր ընկերություններում աշխատանքի անցնել չեն կարողանում․ Արցախի 070 կոդով անձնագրի պատճառով։ Ասում են՝ պետք է անձնագրերը փոխել, իսկ անձնագրային բաժանմունքներում այնպիսի հերթեր են, որ չի հաջողվում դա անել։ Մի խոսքով՝ գործ գտնելը մեծ խնդիր է»,- պատմում է Դիանան։
Պետությունը ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին ամսական 50 հազար դրամ աջակցություն պետք է տրամադրի, բայց գումարը հաճախ են ուշացնում, որոշ ամիսներ էլ ընդհանրապես չեն ստացել։ Ի դեպ, այս խնդրին բազմաթիվ արցախցիներ են բախվում, սրան նախորդիվ անդրադարձել ենք։ Դիանան վստահ է՝ եթե գոնե պետությունն ամեն ամիս փոխանցեր 50-հազարական դրամները, հնարավոր կլիներ թեկուզ բնակարանի վարձը (200 հազար դրամ) ժամանակին տալ։
«Սոցիալական աջակցությունը պետությունը մի ամիս տալիս է, մի քանի ամիս չի տալիս։ Մենք էլ անդադար քաշքշուկի մեջ ենք ընկնում, դիմումներ գրում»,- ասում է Դիանան։
Դիանան մտահոգվում է՝ եթե գոնե աշխատունակ զավակները գործի անցնեին, ընտանիքի բեռն ահագին կթեթեւանար։ Զավակներն աշխատասեր են, ուզում են օգնել ծնողներին, բայց զբաղվածության խնդիրը ոչ մի կերպ չեն կարողանում լուծել։
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մի քանի ամիս փոխհատուցել է բնակարանի վարձը։ Դիանան ասում է՝ քաղաքապետն այսպես շատ արցախցիների է աջակցում, բայց պետք է ժամանակի ընթացքում սկսել ինքնուրույն հոգալ հոգսերը, բայց աշխատանք գտնելը մեծ խնդիր է։
«Տանը շատ պակաս բաներ կան․ էլեկտրական վառարանի կարիք ունեմ։ Որպես օգնություն՝ մեր ընտանիքին ալյուր են տվել։ Եթե գոնե վառարան ունենայի, հաց կթխեի։ Սառնարան էլ չունենք։ Երբեմն ուտելիք եմ սարքում, ու փչանում է։ Մի անգամ էլ երեխաները թունավորվել էին»,- մտահոգվում է Դիանան։
Երեխաներից երեքը դպրոցահասակ են՝ 2-րդ, 4-րդ, 6-րդ դասարաններում են սովորում։ Օրերս դպրոցում հորդորել են, որ սեւ ու սպիտակ համազգեստ հագնեն, բայց բազմազավակ մայրը մտահոգ է․ երեխաները հագնում են այն, ինչ ունեն: Դիանան հույս ունի, որ առաջիկայում գոնե անկողնային պարագաներ կարելու պատվերները կշատանան, կկարողանա ավելի շատ վաստակել ու երեխաների համար անհրաժեշտ պարագաները գնել։
«Վերջերս պատվեր ստացա․ պիտի դրոշներ կարեի Եռաբլուրում տեղադրելու համար։ Ասացի՝ կյանքում փող չեմ վերցնի այդ գործի համար, սիրով կարեցի: Այլ պատվերներ էլ եմ ունենում, պատրաստ եմ աշխատելու, դուստրերս էլ են ինձ օգնում, իրենք էլ են սիրում կարել։ Գործ լիներ, աշխատեինք, մեր ընտանիքը պահեինք»,- ասում է Դիանա Ղարիբյանը։
Դիանան հույս ունի, որ սոցիալական խնդիրները ժամանակի ընթացքում կլուծվեն, բայց ցավը չի անցնում: Դիանան կարոտում է Արցախը։ Հատկապես փոքրիկները հաճախ են մայրիկի հետ հեռախոսով նկարներ որոնում, հիշում. մայրն ուզում է երեխաների հիշողության մեջ վառ պահել Արցախի հետ կապված բոլոր դրվագները։ Արցախի ու տղաների հերոսական պայքարի մասին է պատմում զավակներին: Ընտանիքում բոլորը՝ փոքրից մեծ, հույս են փայփայում, որ մի օր պիտի էլի՛ վերադառնան Արցախ։
Դիանայի ընտանիքին աջակցելու կամ անկողնային պարագաներ պատվիրելու համար կարելի է զանգել հետեւյալ հեռախոսահամարով՝ +374 98 720 475։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։