Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ցանկանում է վերադարձնել Հայաստանի հետ այն լավ հարաբերությունները, որոնք եղել են նախորդ տարիներին, սակայն Երեւանը գնում է դեպի ԵՄ։ Սրա մասին նա հայտարարել է հանրապետությունում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Լավ կլիներ, որ նախկինի պես, չնայած բոլոր թերություններին ու նրբերանգներին, լավ հարաբերություններ կառուցեինք Հայաստանի հետ։ Հավատացե՛ք, սա բացարձակապես մեր մեղքը չէ։ Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք ինչպես ամենամոտ մարդկանց հետ, ամեն կերպ օգնել ենք։ Բայց տեսնում եք․ ուզում է գնալ Արեւմուտք, ԵՄ»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է պետական БелТА գործակալությունը։
Բելառուսի նախագահը նաեւ Հայաստանին կոչ է արել չկորցնել բարեկամությունը ավանդական գործընկերների հետ։
«Մի՛ կորցրեք այս բարեկամությունը, սա եղբայրություն է: Սա տնտեսության միասնական շուկա է, սա փոխօգնություն է։ Մի՛ կորցրեք այն, քանի որ եթե կորցնեք, կարող եք ոչինչ չշահել»,- ասել է Լուկաշենկոն։
Նա կրկնել է իր այն տեսակետը, որ Հայաստանին որեւէ տեղ չեն սպասում։
«Դուք, ինչ է, կարծում եք, որ Հայաստանին ինչ-որ տեղ սպասո՞ւմ են։ Տեսե՛ք, դա կլինի մեր աչքի առաջ, ոչ ոք ո՛չ մեզ, ո՛չ Հայաստանին, ո՛չ Ուկրաինային ոչ մի տեղ չի սպասում։ Ամեն մեկն իր հարցերով է զբաղված։ Եվ նրանք ցանկանում են իրենց խնդիրները լուծել ուրիշների հաշվին»,- նշել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Բելառուսի հարաբերությունները լարվեցին մայիսին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Բաքու կատարած այցից հետո։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մինչև 2020-ի 44-օրյա պատերազմը ունեցած զրույցի ժամանակ հանգել էին եզրակացության, որ Արցախյան հակամարտությունը կարելի է լուծել ռազմական ճանապարհով։
Սրան հաջորդեց ՀՀ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ երկու պետություն գիտի, որոնք իր համոզմամբ աջակցել են Ադրբեջանին պատերազմի նախապատրաստական փուլում, որոնցից մեկը հենց Բելառուսն է եղել։
Արդեն հունիսի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարել էր, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ հայկական որեւէ պաշտոնական ներկայացուցչություն այլեւս Բելառուս չեն մեկնի, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։
Վարչապետի հայտարարություններին հաջորդել էր Բելառուսում Հայաստանի դեսպանին խորհրդակցությունների նպատակով հետ կանչելու մասին ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրությունը։
Ավելի ուշ Երեւանից իր դեսպանին հետ կանչելու մասին հայտարարեց նաեւ Բելառուսը։