Իրանի արտաքին գործերի նախարարություն են առանձին-առանձին հրավիրվել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների եւ Գերմանիայի դեսպանները։ Սրա մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ նշելով, որ պատճառը «ուկրաինական հակամարտությանը Թեհրանի ենթադրյալ միջամտության եւ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պատրվակով եվրոպական որոշ կողմերի ոչ կառուցողական հայտարարությունների շարունակությունն է»։
ISNA գործակալությունն էլ հայտնում է, որ եվրոպացի դիվանագետների հետ հանդիպումների ժամանակ Իրանի ԱԳՆ Արեւմտյան Եվրոպայի վարչության գլխավոր տնօրեն Մաջիդ Նիլի Ահմադաբադին հայտարարել է, որ Թեհրանը «նման միջոցներ ձեռնարկելու Արեւմուտքի համառությանը եւ Իրանի ժողովրդի նկատմամբ թշնամական քաղաքականության շարունակականությանը համարժեք գնահատական է տվել, եւ Իսլամական Հանրապետությունը միանշանակ կպատասխանի»։
Անդրադառնալով ուկրաինական հակամարտության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշմանը՝ իրանցի պաշտոնյան ասել է, որ Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու վերաբերյալ ցանկացած պնդում լիովին «անհիմն է եւ կեղծ»։
Սեպտեմբերի 10-ին Գերմանիայի ԱԳՆ-ն հրապարակեց Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որում ասվում էր, որ այդ երկրներն անհապաղ նոր միջոցներ են ձեռնարկում Իրանի դեմ՝ կապված Ռուսաստանին բալիստիկ հրթիռների մատակարարման հետ։ Մասնավորապես հայտարարվեց Իրանի հետ ավիափոխադրումների մասին համաձայնագրերի դադարեցման եւ Iran Air-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։