Շիրակի մարզի Այգաբաց գյուղում միայնակ տարեցներին մենակ չեն թողնում. երկրորդ տարին է, ինչ բնակավայրի տարեցների համար տնային խնամքի ծրագիր է իրականացվում: Բուժքույրը եւ տնտեսական աշխատակիցն այցելում են շահառուներին, օգնում տնային գործերում, ցուցաբերում խիստ առաջնային բուժօգնություն:
Ծրագրի պատասխանատու Հասմիկ Կարապետյանն ասում է՝ թեեւ տարեցները գոհ էին այցերից, բայց ունեին նաեւ պարենի, կենցաղային մաքրող միջոցների կարիք: «Հարկավոր էր մեկը, ով մեզ կաջակցեր գումարով, որ այցերի դատարկաձեռն չգնայինք, տարեցների հոգսն էլ ավելի թեթեւացնեինք: Բացի այդ՝ տատիկ-պապիկները փոքր երեխաների պես են, անպայման ուզում են հետդ մի բան տարած լինես»:
«Հոգատար ձեռքեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Լիսա Ստեփանյանը շուրջ հինգ տասնամյակ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում է ապրում: Ասում է՝ որքան որ այնտեղ, նույնքան էլ Հայաստանում է. թեեւ ոչ ֆիզիկապես, բայց միտքն ու սիրտն այստեղ են:
Տիկին Լիսայի հիմնադրամը 2011 թվականից շատերին է աջակցել: Նախ առողջապահական ծրագրեր են իրականացրել, 2020 թվականից ավելի են ակտիվացել: Օգնել են 44-օրյա պատերազմում վնասվածք ստացած զինվորներին, փոխհատուցել նրանց բուժման եւ դեղորայքի ծախսերը: Նրանց աջակցությամբ բուժված Մանվել Մխիթարյանի հետ տիկին Լիսայի կապերը բարեկամականից վերածվել են նաեւ գործնականի: Մանվելն այժմ «Հոգատար ձեռքեր» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչն է:
«Ես Մանվելի միջոցով իմացա թե՛ Այգաբացի, թե՛ այնտեղ իրականացվող՝ ծերերի տնային խնամքի մասին: Միանգամից որոշեցի, որ պետք է աջակցենք, ամենամսյա կայուն աջակցություն տրամադրենք շահառուներին»,- պատմում է տիկին Լիսան, որ ԱՄՆ-ից եկել է Այգաբաց՝ անձամբ ծանոթանալու միայնակ եւ հաշմանդամ տարեցների հետ: Բարեգործը չի թաքցնում զարմանքը, թե ինչպես է հաջողվել փոքր գյուղին իրականացնել մի ծրագիր, որն այնքան էլ տարածում չունի հանրապետությունում: Ըստ նրա՝ մեզանում ավելի շատ ծրագրերի ուշադրության կենտրոնում հայտնվում են երեխաները եւ կանայք, բայց ծերերի մասին հոգալն էլ ոչ պակաս կարեւոր է:
Տիկին Լիսան որոշել է, որ ծրագիրն ավելի է ընդլայնելու: ԱՄՆ վերադառնալուն պես իր հիմնադրամը պաշտոնապես գրանցելու է որպես բարեգործական կազմակերպություն, որի շնորհիվ հնարավորություն կունենա դրամահավաք անցկացնելու, ավելացնելու թե՛ շահառուների թիվը, թե՛ ծրագրի աշխարհագրությունը:
Այգաբացի վարչական ղեկավար Սասուն Վանեցյանը պաշտոնավարման սկզբից ի վեր գյուղի տարեցներին օգնելու ծրագրեր է բերել, ասում է՝ սկզբուն տարեցներից ոմանք հրաժարվում էին, ասում՝ մեզ օգնություն պետք չէ: «Այնուհետեւ ծրագրից օգտվելը սովորական դարձավ, հրաժարվողներն էլ իրենք դիմեցին կրկին ներգրավվելու համար»: Այժմ 18 ընտանիք է օգտվում աջակցությունից: Այգաբացին էլ միացել են Ախուրյան, Ախուրիկ, Արեւիկ գյուղերի տարեցները: Ծրագրի արդյունքները տեսել, Ախուրյան խոշորացված համայնքն էլ է միացել աշխատանքներին, իր կողմից մեկ հաստիք է տրամադրել, որ եւս մեկ բուժքույր միանա թիմին:
«Հոգատար ձեռքեր» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Մանվել Մխիթարյանն ասում է՝ մեկ ընտանիքի համար հատկացվելիք գումարը 30-35 հազար դրամ է: «Նոր ենք սկսել պարենի եւ հիգիենիկ միջոցների բաշխումը: Այցերի ժամանակացույցը շուտով ավելի կկարգավորվի, եւ ամեն ամիս շահառուները կստանան իրենց հասանելիքը»:
«Ալիք Մեդիան» բարեգործական հիմնադրամի թիմի հետ այցելեց շահառուներին: Սոնիկ Շախբազյանը միայնակ է ապրում, երկու աղջիկներին ամուսնացրել, մենակ է մնացել: Ասում է՝ աջակցողների վերաբերմունքից է լավ զգում: «Ինձ չեն թողնում, որ ես ինձ միայնակ զգամ»:
Եպրաքսյա Եզեկյանն էլ փոքր ու անհարմարավետ տնակում է ապրում: Տիկին Լիսային չէր տեսել, բայց լսել էր նրա մասին: «Մենք շատ ենք գնահատում մեզ համար արված աշխատանքը, մենք միայնակ ենք, բայց մենակ չենք»,- ասաց տիկին Եպրաքսյան եւ խնդրեց բարերարին, որ ամեն այցին իր տուն հյուր գնա:
Լիսա Ստեփանյանը հեռահար նպատակներ ունի, ասում է՝ հետագայում, բացի նյութական աջակցությունից, պետք է կապ ստեղծի դպրոցների եւ տարեցների միջեւ, որ բոլոր դպրոցականները ունենան մեկ ոչ արյունակցական, բայց հարազատ դարձած միայնակ տատիկ-պապիկ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։