Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն «զրպարտչական արշավ» է որակել Եվրախորհրդում ԵՄ պատվիրակության հայտարարությունը՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հետ։
Նշենք, որ սեպտեմբերի 11-ի հայտարարության մեջ ԵՄ-ն անհանգստություն էր հայտնել Ադրբեջանում տեղի ունեցած վերջին ձերբակալություններով, որոնք, ինչպես ասվում է տեքստում, ավելացնում են նախորդ տարվանից անկախ լրագրողների, իրավապաշտպանների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալությունների մտահոգիչ միտումը:
Եվրամիության պատվիրակությունը հայտարարության մեջ Բաքվին կոչ էր անում «բոլոր ձերբակալվածների համար ապահովել թափանցիկություն եւ պատշաճ իրավական գործընթաց, ինչպես նաեւ արժանապատիվ եւ անվտանգ պայմաններ բոլոր կալանավորվածների համար, որը կներառի նաեւ առողջապահական եւ անկախ իրավաբանական ծառայության հասանելիությունը, ինչպես նաեւ կլուծի կտտանքների, անմարդկային վերաբերմունքի, արժանապատվության ոտնահարման եւ պատժի ենթարկելու խնդիրները»։
Սրան ի պատասխան Հաջիզադեն իր հայտարարության մեջ Եվրամիությանը կոչ է արել կենտրոնանալ «ԵՄ անդամ երկրներում մարդու իրավունքների խախտումների վրա»։
«ԵՄ-ն դեռ չի հետաքննել Ֆրանսիայում ցուցարարների սպանությունը «դեղին բաճկոնների» ակցիայի ժամանակ, Ֆրանսիայի նեոգաղութային քաղաքականության արդյունքում անդրծովյան տարածքների բնակիչների նկատմամբ կտտանքների կիրառումը, ԵՄ կառույցներում կաշառակերության եւ կոռուպցիայի տարածումը, իսլամաֆոբիան եւ մուսուլմանների վրա հարձակումները։ ԵՄ-ն համարժեք վերաբերմունք չի արտահայտել այդ խնդիրների նկատմամբ»,- ասվում է Հաջիզադեի հայտարարության մեջ։
Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակի՝ Եվրամիությունը ուշադրություն չի դարձրել նաեւ «Հայաստանում մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների ոտնահարման դեպքերին», ինչը, ըստ իրեն, երկակի ստանդարտների դրսեւորում է։
Բացի այդ՝ Հաջիզադեն ԵՄ-ի հայտարարությունը որակել է որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին եւ նշել, որ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության Cop29-ի համաժողովից առաջ Ադրբեջանի մասին նման հայտարարությունը «զրպարտչական արշավ» է եւ «կողմնակալության վառ օրինակ»:
«Ադրբեջանում պաշտպանված են մարդու բոլոր իրավունքները, ինչպես նաեւ ազատությունից զրկված անձանց իրավունքները, եւ զգալի առաջընթաց է ձեռք բերվել համապատասխան պրակտիկան ընդհանուր ընդունված միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործում: Եվրամիության պնդումներն այս առնչությամբ լիովին անհիմն են»,- եզրափակվում է Հաջիզադեի հայտարարությունը: