ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է, որ Ուեսթ Փալմ Բիչի գոլֆի դաշտի մոտ կիրակի տեղի ունեցած կրակոցները, որտեղ այդ ժամանակ եղել էր նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, հետաքննում է որպես քաղաքական գործչի դեմ կանխված մահափորձ:
Հաղորդվում է, որ կրակոցներ արձակած կասկածյալը բերման է ենթարկվել։ Ըստ մամուլի հրապարակումների՝ դա 58-ամյա Ռայան Ռութն է։
2023-ին Ռութը հարցազրույց է տվել New York Times-ին, որտեղ նա խոսել է այն մասին, թե ինչպես է փորձել օգնել հավաքագրել Աֆղանստանի բանակի նախկին զինվորներին Ուկրաինայի զինված ուժերում ծառայելու համար, եւ թե ինչպես է 2022 թվականին մի քանի ամիս անցկացրել Ուկրաինայում:
Կասկածյալի գործողությունների դրդապատճառներն անհայտ են։ Նա 2020 թվականին սոցիալական ցանցերում ակտիվորեն աջակցել է Դոնալդ Թրամփի թեկնածությանը, սակայն վերջերս հանդես է եկել որպես նախագահ Ջո Բայդենի եւ Քամալա Հարիսի կողմնակից, հայտնում է Associated Press-ը:
Մահափորձը կանխել է Գաղտնի ծառայության գործակալը՝ նախազգուշական կրակոց արձակելով գոլֆի դաշտի հարակից թփերի ուղղությամբ՝ ինքնաձիգի փողը նկատելուց հետո: Այս ընթացքում Թրամփը եղել է շուրջ 400 մետր հեռավորության վրա։
Հրաձգությունից հետո նա փորձել է թաքնվել մեքենայի մեջ, սակայն ականատեսների շնորհիվ ձերբակալվել է։ Թփերի մեջ հայտնաբերել են AK-47 տիպի ինքնաձիգ՝ օպտիկական դիտակետով, երկու ուսապարկ եւ GoPro տեսախցիկ։
Իր աջակիցներին ուղղված նամակում Դոնալդ Թրամփը հաստատել է, որ այժմ ապահով է, լավ է զգում, եւ որ «երբեք չի հանձնվի»:
Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի մրցակիցը՝ փոխնախագահ Քամալա Հարիսը, մեկնաբանելով տեղի ունեցածը, հայտարարել է, որ «Ամերիկայում բռնության տեղ չկա»։ Նախագահ Ջո Բայդենն էլ հանձնարարել է բոլոր անհրաժեշտ ռեսուրսները հատկացնել նախկին նախագահի անվտանգությունն ապահովելու համար։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ տեղի ունեցել էր հուլիսի 13-ին Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ, ինչի հետեւանքով նա թեթեւ վիրավորվել էր ականջի հատվածում։