Հայաստանը ցանկանում է ամրապնդել իր ինքնիշխանությունը եւ այդ հարցում բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունը։ Սրա մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հետ հանդիպմանը։
Կարեւորելով Ֆրանսիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը, այդ թվում՝ անվտանգության ու տնտեսության ոլորտներում՝ վարչապետն իր խոսքում նշել է․ «Մեր ռազմավարությունը հետեւյալն է՝ մենք ուզում ենք ամրապնդել եւ ուժեղացնել մեր ինքնիշխանությունը, անկախությունը, մեր պետականությունը, եւ այս ճանապարհին, իհարկե, Ֆրանսիայի աջակցությունը մենք շատ բարձր ենք գնահատում»:
Փաշինյանն ընդգծել է նաեւ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում աջակցություն ցուցաբերելու Ֆրանսիայի պատրաստակամությունը:
Ստեֆան Սեժուրնեն էլ, շեշտելով Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետեւողական զարգացման կարեւորությունն անվտանգության ու տնտեսության բնագավառներում, նշել է․ «Ֆրանսիան Հայաստանի կողքին է եւ շարունակելու է իր աջակցությունը հայ ժողովրդին, մենք նաեւ բոլոր ջանքերը գործադրել ենք, որպեսզի ամրապնդվեն հարաբերությունները մեր երկու ժողովուրդների միջեւ»։
Կողմերը քննարկել են նաեւ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ փոխգործակցության շուրջ: Փաշինյանն ու Սեժուրնեն կարեւորել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչպես նաեւ Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանն աջակցելու որոշման ընդունումը:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, ինչպես նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: