Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետագա սրումը կարող է հանգեցնել «անուղղելի հետեւանքների»։
Ինչպես նշում է KazTAG գործակալությունը, Տոկաեւը պատերազմի մասին խոսել է Շոլցի խնդրանքով։
Ըստ Տոկաեւի ռազմական առումով Ռուսաստանի անպարտելիությունը փաստ է։
«Պատերազմի հետագա էսկալացիան կհանգեցնի անուղղելի հետեւանքների ողջ մարդկության եւ, առաջին հերթին, ռուս-ուկրաինական հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված բոլոր երկրների համար։ Ցավոք, Ստամբուլի համաձայնագրի կնքումից հրաժարվելու պատճառով կորավ գոնե զինադադարի հասնելու լավ հնարավորությունը։ Բայց խաղաղության հնարավորությունը դեռ կա»,-ասել է Ղազախստանի նախագահը։
Ղազախստանի նախագահի խոսքով, անհրաժեշտ է «ուշադիր դիտարկել տարբեր պետությունների խաղաղության բոլոր նախաձեռնությունները», որից հետո պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, ապա անցնել «տարածքային հարցերի» քննարկմանը։
Տոկաեւն ընդգծել է, որ պետությունների ղեկավարները գալիս եւ գնում են, բայց ժողովուրդները, հատկապես հարեւան ժողովուրդները, պետք է ապրեն խաղաղության եւ փոխըմբռնման մեջ։
«Ռուսաստանի հետ Ղազախստանն ունի աշխարհի ամենաերկար սահմանազատված ցամաքային սահմանը, եւ մեր երկրների միջեւ համագործակցությունը զարգանում է ռազմավարական գործընկերության եւ դաշինքի շրջանակներում։ Ղազախստանում նրանք անկեղծ համակրանք ունեն ուկրաինացի ժողովրդի եւ նրա յուրահատուկ մշակույթի նկատմամբ։ Մեր պետությունների միջեւ երբեք տարաձայնություններ չեն եղել։ Կիեւում շարունակում է գործել մեր երկրի դեսպանությունը»,-նշել է Տոկաեւի։