Երկամյա բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստի 80 տոկոսը։ Սրա մասին Թբիլիսիում Վրաստանի վաչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շուրջ երկու տարվա բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առավելապես համաձայնեցնել «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների կարգավորման մասին» պայմանագրի տեքստը։ Տեքստի մոտավորապես 80 տոկոսը համաձայնեցված է»,- ասել է Հայաստանի վարչապետը։
Փաշինյանը նաեւ հիշեցրել է, որ Հայաստանը պատրաստակամ է ամենամոտ ապագայում ստորագրելու խաղաղության պայմանագիրը արդեն իսկ համաձայնեցված հոդվածներով։
«Մենք Ադրբեջանին առաջարկել ենք ամենամոտ ապագայում ստորագրել այդ փաստաթղթի նախագծում առկա եւ մինչեւ այս պահը համաձայնեցված դրույթները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ շարունակել քննարկումները երկուստեք կարեւորություն ներկայացնող հարցերը հասցեագրելու ուղղությամբ»,- ասել է ՀՀ վարչապետը։
Իր ելույթի ընթացքում նաեւ հույս է հայտնել, որ Հարավային Կովկասում իսկապես հակամարտության էջը փակելու եւ հարատեւ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն կա։
«Համոզված եմ նաեւ, որ այդ խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլեւ դրանից հավասարապես օգտվելու են Վրաստանը, Թուրքիան եւ Իրանը»,- ընդգծել է Փաշինյանը եւ հավելել, որ չնայած որոշ բարդություններին՝ Հայաստանի կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր դարձնելու ուղղությամբ եւ բարձր է գնահատում նաեւ Վրաստանի կառավարության ներդրած ջանքերը։
Կոբախիձեն էլ իր հերթին նշել է, որ Թբիլիսին ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության լուծման ուղղությամբ կատարված դրական քայլերը։
«Վրաստանը աջակցում է Հարավային Կովկասում կայունությանը եւ խաղաղությանը։ Շարունակվում են մեր ջանքերը, մասնավորապես, տարածաշրջանում առկա դժվարությունների հաղթահարման ուղղությամբ։ Վրաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության լուծման ուղղությամբ դրական ընթացքը: Եվ պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալու կայունություն ապահովելու համար»,- ասել Վրաստանի վարչապետը։
Փաշինյանը նաեւ իր խոսքում ընդգծել է, որ Վրաստանն ու Հայաստանը փոխադարձաբար, աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։
«Այս փաստը համարում եմ Հարավային Կովկասում կայունության եւ երկարատեւ խաղաղության հաստատման կարեւոր գործոններից մեկը։ Մեր երկրների առկա համագործակցությունը առկա պատկերացումների գործնական արտացոլումն է, թե ինչպիսին պետք է լինեն տարածաշրջանի երկրների հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի եւ համընդհանուր զարգացմանը միտված տնտեսական համագործակցության վրա»,- ասել է ՀՀ վարչապետը։
Նա նաեւ հույս է հայտնել, որ մոտ ապագայում առաջընթաց կարձանագրվի Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակում, ինչի վերաբերյալ արդեն իսկ կայացել են քննարկումներ, եւ կա ընդհանուր ըմբռնում։