Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում սաստիկ ջրհեղեղներ են։ Հանգստյան օրերին փոթորիկը հորդառատ անձրեւների է հանգեցրել։
Աղետից ամենամեծ վնասը կրել են Ավստրիան, Չեխիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան եւ Հունգարիան։ Այս երկրների բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր ամբողջությամբ հեղեղված են, տասնյակ հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության։
Լեհաստանում եւ Չեխիայում երկու ամբարտակ է վնասվել։ Ավստրիայի իշխանությունները մայրաքաղաք Վիեննայի շրջակա տարածքները հայտարարել են աղետի գոտի։
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում գործում է արտակարգ դրություն։ Մի շարք մարզերում իշխանությունները քաղաքացիների շտապ տարհանում են իրականացնում։
Հաղորդվում են նաեւ զոհերի մասին։ Ռումինիայի արեւելքում 6 մարդ է զոհվել։ Լեհաստանում, ըստ լրատվականների, 5 զոհ կա, Չեխիայի ոստիկանությունը հայտնում է 1 զոհի եւ անհետ կորածների մասին։ Ավստրիայում կիրակի մեկ հրշեջ է զոհվել, իսկ այսօր ոստիկանությունը հայտնել է իրենց տներում խեղդված 70 եւ 80 տարեկան երկու տղամարդու դի հայտնաբերելու մասին։