ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերահաստատել է Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ կայուն եւ արժանապատիվ խաղաղության կարեւորությունը։ Սրա մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության տեքստում։
«Պետքարտուղար Բլինքենը ողջունել է կողմերի միջեւ վերջին առաջընթացը, ներառյալ սահմանազատման կարգավորման շուրջ համաձայնությունը»,- ասվում է հաղորդագրության տեքստում:
Դրանում նաեւ նշվում է, որ Բլինքենն ընդգծել է Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ հարաբերությունների կարեւորությունն ու Վաշինգտոնի հանձնառությունը տարվա վերջին Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP 29-ի գագաթնաժողովի հաջող անցկացմանը:
«Պետքարտուղարը եւ նախագահ Ալիեւը քննարկել են տարածաշրջանային եւ երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին եւ պարտականություններին Ադրբեջանի հավատարմության կարեւորությունը»,- ասվում է հաղորդագրության տեքստում:
Հեռախոսազրույցի մասին հայտնում է նաեւ ադրբեջանական կողմը։ Հաղորդագրության համաձայն՝ Ալիեւը նույնպես դրական է գնահատել սահմանազատման հանձնաժողովների վերջին աշխատանքները՝ հավելելով, որ գործընթացն իրականացվելու է նոր ստորագրված կանոնակարգի հիման վրա։
Ալիեւը նաեւ հայտարարել է, որ տարածաշրջանում իրողություններ են ի հայտ եկել, ու ձեւավորվել է նոր ստատուս-քվո։
Խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրման մասին՝ Ադրբեջանի նախագահը կրկին նշել է, որ դրա համար կարեւոր նախապայման է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, «ինչպես նաեւ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի դադարեցումը եւ դրան հարակից այլ ինստիտուտների գործունեությունը, որոնք անցյալի մասունք են»։