«Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանին սեպտեմբերի 17-ի լուսադեմից, առանց բացատրության, ավելի քան 4 ժամ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում պահելուց հետո հետ են ուղարկել Եվրոպա։
«Սեպտեմբերի 18-ին Թբիլիսիից հետադարձ տոմս ունեի դեպի Երեւան, սակայն ինձ ասացին, որ վրացական օրենսդրությամբ` եթե մարդու մուտքը մերժեն, պետք է հետ ուղարկեն մեկնման երկիր: Սրանք բոլորը տեխնիկական հարցեր են, ամենամեծ խնդիրն այստեղ այն է, որ ինձ ոչ ոք չի բացատրել, թե ինչու են ինձ արգելել մուտք գործել Վրաստան, որտեղ ես ապրել եմ ավելի քան 5 տարի, ստեղծել եմ լրատվամիջոց, մասնակցել տարբեր կազմակերպությունների համահիմնադրմանը, օգնել Հայաստան-Վրաստան կամուրջներ կառուցելու հարցում եւ այլն», — գրել է Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Ալիք Մեդիա»-ի հիմնադիրը Վրաստան էր ժամանում Լյուքսեմբուրգից։
Վրացական «Հանուն ժողովրդի» կուսակցության առաջնորդ, քաղաքական գործիչ Աննա Դոլիձեն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ օդանավակայանում գտնվելու ժամանակ Խառատյանին թույլ չեն տվել օգտվել հեռախոսային կապից։
Ավելի ուշ հրապարակած տեսանյությում էլ Դոլիձեն նշել է, որ Խառատյանը արտաքսվել է Վրաստանից։
«Առայժմ կասկած չունեմ, որ այս մուտքի մերժումը, որը կոչվում է արտաքսում, քաղաքական է, ինչը, ի վերջո, նշանակում է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները կամ վախենում են ինձ նման մարդկանցից, կամ ունեն հովանավորներ Մոսկվայից կամ Բաքվից, որոնք նրանց ասում են` ընտրություններից առաջ «մաքրել տարածքը»: Խորհրդարանական ընտրություններից վեց շաբաթ առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարծես թե չի մտածում նոր ընկերներ ձեռք բերելու մասին, այլ նման գործողություններով նոր թշնամիներ է ձեռք բերում», — գրել է Արսեն Խառատյանը։
Նման իրադրություն ստեղծվել էր նաեւ նախորդ շաբաթ, երբ առանց պատճառները նշելու Արսեն Խառատյանին Թբիլիսիի օդանավակայանում Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանությունից հայտնել էին, որ արգելվում է նրա մուտքը Վրաստան։ Սակայն երկու ժամ անց արգելքը հանվել էր, եւ նրա մուտքը թույլատրվել էր։
«Երկու ժամ անց ոստիկանը մտավ սենյակ եւ ասաց, որ կարող եմ մտնել Վրաստան։ Ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչումն է խնդիրը, քանի որ այդ կալանավորման համար որեւէ բացատրություն չկա, բացառությամբ մի ընդհանրական թղթի, որտեղ ասվում էր․ «Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր»,- այդ ժամանակ իր ֆեյսբուքյան էջում գրել էր Խառատյանը։