Կատարի իշխանությունները շարունակում են միջնորդական ջանքեր գործադրել Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորելու համար, սակայն խորհրդակցությունների շրջանակներում էական փոփոխություններ չեն եղել։ Սրա մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ-Անսարին։
«Ոչինչ, ինչի մասին կարելի է հայտնել, տեղի չի ունեցել: Ջանքերը դեռ շարունակվում են, շփումները շարունակվում են»,- ասել է Ալ-Անսարին: Ըստ նրա՝ «բոլոր միջնորդներն այժմ անում են առավելագույնը՝ այս գործարքին հասնելու [ջանքերի] շրջանակում»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-16-ը Դոհայում միջնորդների նախաձեռնությամբ բանակցություններ անցկացվեցին Գազայի հատվածում հրադադարի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդառված անձանց ազատ արձակման շուրջ։ Խորհրդակցություններին հաջորդած Եգիպտոսի, Կատարի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ դրանք անցել են դրական մթնոլորտում։ Բանակցությունների նոր փուլի ընթացքում ԱՄՆ-ը Կատարի եւ Եգիպտոսի աջակցությամբ ներկայացրել էր նոր առաջարկ, որը կարող է նվազեցնել ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ տարաձայնությունները։ Սակայն ՀԱՄԱՍ-ը ի պատասխան հայտարարել է, որ ամերիկյան նախաձեռնությունը հաշվի է առնում միայն Իսրայելի շահերը։
Օգոստոսի 25-ին Եգիպտոսի մայրաքաղաքում մեկնարկել էր խորհրդակցությունների հաջորդ փուլը։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Իզզաթ ալ-Ռիշքը հայտնել է, որ շարժման պատվիրակությունը հեռացել է Կահիրեից Եգիպտոսի եւ Կատարի միջնորդների հետ հանդիպումներից հետո: Ըստ նրա՝ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները կրկին պահանջել են ճնշումներ գործադրել Իսրայելի վրա, որպեսզի վերջինս կատարի այն պայմանները, որոնց շարժումը համաձայնել է հուլիսի 2-ին։