Lիբանանի մայրաքաղաք Բեյրութում եւ այլ քաղաքներում նախօրեին զանգվածաբար պայթել էին շիայական «Հըզբոլլահ» շարժման անդամների փեյջերները:
Reuters-ի փոխանցմամբ՝ դրանք նոր մոդելի փեյջերներ էին, որոնք շարժումը սկսել էր օգտագործել ընդամենը մի քանի ամիս առաջ՝ նպատակ ունենալով խուսափելու կապի առավել զարգացած այլ միջոցների կիրառումից եւ դրանով իսկ բարդացնելու Իսրայելի հետախուզական ծառայությունների կողմից իրականացվող հավանական լսումները։
«Հըզբոլլահի» պաշտոնյաներից մեկը գործակալության հետ զրույցում ենթադրել է, որ սարքերը հնարավոր է եղել վիրուսավորել, որը հանգեցրել է դրանց տաքացմանն ու պայթելուն:
Շարժման ներկայացուցիչներից մեկն էլ նշել է, որ պայթյունները իսրայելական կողմի գործողությունների հետեւանք են: Նա կատարվածն անվանել է Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց հետո «անվտանգության ամենամեծ ձախողումը»։ Աղբյուրը հավանական է համարել, որ պայթել են լիթիումային մարտկոցները, որոնցով սարքավորված են փեյջերները։
«Հըզբոլլահի» մեկ այլ աղբյուր The Wall Street Journal-ին հայտնել էր, որ խմբավորման որոշ մարտիկներ նկատել են, որ փեյջերները տաքանում են, եւ պայթյուններից քիչ առաջ ազատվել են դրանցից։
Սարքերի պայթուններից հետո առաջին պաշտոնական հայտարարության մեջ «Հըզբոլլահը» Իսրայելին ուղղակիորեն չէր մեղադրել հարձակման համար, միայն նշել էր, որ հետաքննում է միջադեպը: Շարժումը նաեւ կոչ էր արել բնակչությանը զգուշանալ «ասեկոսեներից, կեղծ եւ ապակողմնորոշիչ տեղեկություններից»։
Սակայն ժամեր անց «Հըզբոլլահը» նոր հայտարարություն է հրապարակել, որտեղ տեղի ունեցածի համար ամբողջական պատասխանատու հայտարարել է Իսրայելին։ Հայտարարության մեջ շարժումը նաեւ խոստացել է հատուցել «հանցավոր ագրեսիայի համար, որը թիրախավորել է նաեւ խաղաղ բնակչությանը»։
Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբիադը ավելի ուշ հայտնել է, որ պայթյունների հետեւանքով զոհվել է ինը, եւ վիրավորվել՝ շուրջ 2800 մարդ: Ըստ նրա՝ վիրավորները հիմնականում վնասվածքներ ունեն դեմքի եւ ձեռքերի շրջանում։
«Հըզբոլլահը» պաշտոնապես հաստատել է իր երկու անդամների, ինչպես նաեւ շարժման անդամներից մեկի իննամյա դստեր մահը։
Իրանական Mehr գործակալությունն էլ հայտնում է, որ վիրավորների թվում է նաեւ Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։
Սաուդյան Արաբիայի լրատվականների փոխանցմամբ՝ փեյջերներ պայթել են նաեւ Սիրիայում գտնվող «Հըզբոլլահի» ներկայացուցիչների շրջանում։ Վերջին տվյալներով սարքերի պայթունների հետեւանքով Սիրիայում զոհվածների թիվը հասնում է յոթի։
Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանել տեղի ունեցածը։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը նախարարներին արգելել է մոտ ապագայում այս թեմայով շփվել մամուլի հետ։