ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիքներ է ստեղծում։ Սրա մասին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ հենց այդ պատճառով է Երեւանը սառեցրել իր անդամակցությունը կառույցին։
«Անընդհատ քննարկվում է՝ արդյոք Հայաստանը փորձում է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին: Մենք լիարժեք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացված հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ: Մեր այդ շեշտադրումից անցել է երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել, եւ արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Կամ, եթե նույնիսկ ակնհայտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում, եւ դրանք համոզիչ չեն, ամեն վայրկյան Հայաստանն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից։ Եվ արտահայտություն կա ՝ «точка невозврата», (անդառնալիության կետ) եւ եթե այն չենք անցել, ապա մեծ է հավանականությունը, որ կանցնենք այդ կետը։ Եվ որեւէ մեկը մեզ դրանում մեղադրելու լեգիտիմ առիթ եւ պատճառ չի ունենա»,- ասել է վարչապետը։
Հիշեցնենք, որ մի կողմից՝ Հայաստան-Ռուսաստան, մյուս կողմից՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ որոշ շրջաններ օկուպացրեց։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։