Հայաստանն ուզում է եւ պատրաստ է անցման նպատակով Ադրբեջանին ճանապարհներ տրամադրել այն նույն պայմաններով, ինչ Իրանը։ Սրա մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ։
Վարչապետը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը Հայաստանով անցնող բոլոր հնարավոր ճանապարհները բացելու պատրաստակամություն է ենթադրում։
Ընդգծելով, որ Երեւանը պատրաստ է Սյունիքով, Տավուշով, Գեղարքունիքով, Վայոց ձորով եւ բոլոր հնարավոր տեղերով ճանապարհներ տրամադրելու ադրբեջանական կողմին՝ Փաշինյանը նշել է, որ այդ ճանապարհները պետք է գործեն առանց շրջանցելու, վնասելու եւ ստորադասելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
«Երբ մենք խոսում էինք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, Ադրբեջանի արձագանքն այն էր, որ շատ լավ, եթե Հայաստանը չի ուզում, մենք Իրանի տարածքով կիրականացնենք այդ նախագծերը։ Նախ՝ ես ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել պաշտոնապես, որ Հայաստանն ուզում է եւ պատրաստ է ճշգրիտ նույն պայմաններով ապահովել այդ նույն անցումները, ինչ Իրանը»,-նշել է ՀՀ վարչապետը։
Նա նաեւ չի բացառել, որ անցումների համար կարող են գործել նաեւ ընթացակարգերի որոշակի պարզեցումներ, որոնք պետք է գործեն փոխադարձության սկզբունքով։