Պաշտոնական Վաշինգտոնը պնդել է, որ մսամթերքի արտադրությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերության՝ JBS-ի դեմ իրականացված հաքերային հարձակման թիկունքում ռուսաստանցի կիբերհանցագործներն են։
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ Ռուսաստանում գործող Revil հաքերային խմբավորման գործողությունների հետեւանքով JBS-ի ԱՄՆ-ում գործող բոլոր գործարանների աշխատանքը խաթարվել է, տուժել են նաեւ Կանադայի եւ Ավստրալիայի ձեռնարկությունները։
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ հաքերները JBS-ի ներքին ցանցի հասանելիությունը վերականգնելու դիմաց ընկերությունից փրկագին են պահանջել:
Սպիտակ տանը ասուլիսի ժամանակ խնդրին անդրադարձել է նաեւ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը, որը չի հստակեցրել՝ հաքերային այս հարձակումից հետո Վաշինգտոնը Ռուսաստանի դեմ պատասխան քայլեր կձեռնարկի՞, թե՞ ոչ։
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին նշել է, որ Ռուսաստանից իրականացվող հաքերային հարձակումների թեման հավանաբար կընդգրկվի ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահների՝ հունիսի 16-ի ժնեւյան բանակցությունների օրակարգում։
Նշենք, որ 2007-ից գործող եւ ավելի քան 50 միլիարդ ԱՄՆ դոլարի տարեկան եկամուտով թարմ մսամթերքի խոշորագույն արտադրող ամերիկյան JBS USA-ն 1953-ին հիմնադրված եւ աշխարհի 15 երկրում գործունեություն ծավալող բրազիլական JBS SA-ի դուստր ձեռնարկությունն է: