Իսրայելի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները համաձայնության են եկել Գազայի հատվածում հրադադարի մասին ապագա համաձայնագրի 18 կետերից 15-ի շուրջ։ Սրա մասին Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Վերջին մեկուկես ամսվա ընթացքում մենք բավականին առաջընթաց ենք գրանցել։ Համաձայնագրում ընդհանուր առմամբ 18 կետ կա, 15-ը համաձայնեցված է։ Մնացածների համար պետք է լուծում գտնել։ Մենք, Եգիպտոսը եւ Կատարը առաջարկում ենք գաղափարներ, թե ինչպես դա անել: Էականն այն է, որ մնացած կետերի շուրջ համաձայնությունը դրանց բովանդակության հարց չէ, այլ քաղաքական կամքի հարց է»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ միջնորդ երկրներից Կատարի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ-Անսարին նախօրեին ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ բանակցությունների շրջանակներում էական փոփոխություններ դեռ չեն արձանագրվել։
Օգոստոսի 15-16-ը Դոհայում միջնորդների նախաձեռնությամբ բանակցություններ անցկացվեցին Գազայի հատվածում հրադադարի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդառված անձանց ազատ արձակման շուրջ։ Խորհրդակցություններին հաջորդած Եգիպտոսի, Կատարի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ դրանք անցել են դրական մթնոլորտում։ Բանակցությունների նոր փուլի ընթացքում ԱՄՆ-ը Կատարի եւ Եգիպտոսի աջակցությամբ ներկայացրել էր նոր առաջարկ, որը կարող է նվազեցնել ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի տարաձայնությունները։ Սակայն ՀԱՄԱՍ-ը ի պատասխան հայտարարել է, որ ամերիկյան նախաձեռնությունը հաշվի է առնում միայն Իսրայելի շահերը։
Օգոստոսի 25-ին Եգիպտոսի մայրաքաղաքում մեկնարկել էր խորհրդակցությունների հաջորդ փուլը։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Իզզաթ ալ Ռիշքը հայտնել է, որ շարժման պատվիրակությունը հեռացել է Կահիրեից Եգիպտոսի եւ Կատարի միջնորդների հետ հանդիպումներից հետո: Ըստ նրա՝ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները կրկին պահանջել են ճնշում գործադրել Իսրայելի վրա, որպեսզի վերջինս կատարի այն պայմանները, որոնց շարժումը համաձայնել է հուլիսի 2-ին։