Միացյալ Նահանգները, չնայած Վրաստանի հետ առկա հարաբերություններին, կշարունակի աջակցել եւ օգնել հանրապետության ժողովրդին, որպեսզի երկիրը տնտեսապես ավելի կայուն լինի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Ռոբին Դունիգանը։
«Ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, որ աշխարհում չկա Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման ավելի ուժեղ ջատագով, քան ԱՄՆ-ն է։ Մենք կշարունակենք աջակցել եւ օգնել վրաց ժողովրդին, որպեսզի Վրաստանը դառնա ավելի ուժեղ, տնտեսապես ավելի հաջողակ երկիր, Եվրամիության անդամ, եւ հայտարարությունները, որոնց նպատակը Վրաստանին ԱՄՆ-ից մեկուսացնելն է, ոչ մի օգուտ չեն տա»,- ասել է դեսպանը։
Դունիգանը նաեւ նշել է, որ վերջին շրջանում Վրաստանի կառավարության ներկայացուցիչները Արեւմուտքի վերաբերյալ ապատեղեկատվություն պարունակող հայտարարություններ են անում։ Նա վրացական իշխանություններին կրկին մեղադրել է հակաժողովրդավարական գործողությունների համար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտը սեպտեմբերի 16-ին հայտարարել էր Վրաստանի ներքին գործերի նախարարության եւ ռուսամետ «Alt-info» կազմակերպության ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ «Վրաստանում հիմնարար ազատությունները, ներառյալ խոսքի ազատությունը խարխլելու պատճառով»:
Ֆինանսական պատժամիջոցները սահմանվել են Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի («Խարեբա»), նրա տեղակալ Միլերի Լագազաուրիի, «Alt-info»-ի ղեկավարներ Զուրաբ Մախարաձեի եւ Կոնստանտին Մորգոշիի նկատմամբ։
ԱՄՆ Պետդեպարտամենտն էլ իր հերթին հայտնել էր, որ «լրացուցիչ քայլեր է ձեռնարկում Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ վիզային սահմանափակումներ կիրառելու համար, որոնք պատասխանատու են կամ ներգրավված են Վրաստանում ժողովրդավարության խարխլման համար»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսին հայտարարել էր, որ Վաշինգտոնը որոշել է դադարեցնել Թբիլիսիին ավելի քան 95 մլն դոլարի չափով օգնության ծրագիրը՝ կապված Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հետ։ Ավելի վաղ էլ ԵՄ-ն էր հայտարարել 30 միլիոն եվրոյի սառեցման որոշման մասին, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը։