Կուրսկի մարզում ռուսական բանակի հակահարձակումը կասեցվել է, իսկ մարզի տարածքի մի մասը շարունակում է մնալ ուկրաինական կողմի վերահսկողության ներքո։ Այս մասին AFP-ին հայտնել է Ռուսաստանի գրաված տարածքներում ստեղծված Ուկրաինայի զինված ուժերի կոմենդատուրայի ներկայացուցիչ Ալեքսեյ Դմիտրաշկովսկին։
«Ռուսական բանակը փորձել է կողային հարձակման անցնել, բայց կասեցվել է, իրավիճակը կայունացել է, և այսօր ամեն ինչ մեր վերահսկողության տակ է, նրանք հաջողության չեն հասել»,- զինվորականի խոսքերը մեջբերում է գործակալությունը։
Դմիտրաշկովսկին նաև նշել է, որ «մի քանի հազար» ռուս խաղաղ բնակիչներ դեռեւս մնում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից գրավված տարածքում։ «Որոշ բնակավայրերում դեռ ավելի քան 100 մարդ կա»,- մեջբերում է AFP-ն նրա խոսքերը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Կուրսկի մարզում իր գործունեության վերաբերյալ ամենօրյա տեղեկագրում պնդում է, որ ռուսական բանակը շարունակում է հարձակողական գործողությունները։ Ընդ որում՝ դրանում չի խոսվել որևէ բնակավայրի «ազատագրման» մասին, իսկ մարտական գործողությունների վայրերը գրեթե նույնն են, ինչ նախորդ օրվանը։