Ռուսաստանում կստեղծվի անօրինական կերպով երկրում գտնվող օտարերկրացիների ռեգիստր, այս մասին «Коммерсантъ»-ին տված հարցազրույցում ասել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գորովոյը։
Ռեգիստրում ընդգրկված անձինք, ըստ Գորովոյի, չեն կարողանա տրանսպորտային միջոցներ վարել, օգտվել բանկային ծառայություններից, գույք գրանցել, ամուսնություններ կնքել եւ լուծարել, երեխաներին գրանցել մանկապարտեզներում եւ դպրոցներում։
Ըստ փոխնախարարի՝ այս ծրագրի շրջանակում նախատեսվում է հաստատել «միջգերատեսչական էլեկտրոնային փոխգործակցություն վերը նշված ծառայությունները մատուցող կազմակերպությունների հետ»։
Գորովոյը նաեւ ասել է, որ անօրինական միգրացիայի դեմ պայքարի եւ օտարերկրացիների կողմից կատարված հանցագործությունների բացահայտման շրջանակում դեկտեմբերի 1-ից Մոսկվայի ավիահանգույցի օդանավակայաններում եւ Օրենբուրգի մարզի Մաշտակովո ավտոմոբիլային անցակետում կներդրվի Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող այլ երկրների քաղաքացիների ինքնության լուսանկարով եւ մատնահետքերով նույնականացման կարգ։