Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության հեռանալը որպես «էթնիկ զտում» ներկայացնելը «կեղծավորություն է»։ Նման հայտարարություն լրագրողների հետ զրույցում արել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով սեպտեմբերի 19-ի Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը։
«Չնայած իրենց բնակության վայրը չլքելու ադրբեջանական կողմի բազմաթիվ կոչերին եւ վերաինտեգրման ծրագրին՝ ազգությամբ հայ բնակիչները որոշել են լքել Ադրբեջանի տարածքը։ Դա նրանց ազատ ընտրությունն էր, եւ դա որպես «էթնիկ զտում» ներկայացնելը ցույց է տալիս Հայաստանի կեղծավորությունը»,- ասել է Հաջիզադեն եւ Հայաստանին մեղադրել ադրբեջանցիների զանգվածային տեղահանությունների եւ ցեղասպանության կազմակերպման համար։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն այսօր տարածած հայտարարության մեջ մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական հարձակման հետեւանքով ավելի քան 115 000 հայ բնակչության հարկադիր տեղահանությունը որակել էր որպես Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության եզրափակիչ մաս։
«Այս տեղահանությունը, որը էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր, տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, երբ ողջ միջազգային հանրությունը հերթական անգամ քննարկում էր հակամարտությունների խաղաղ կարգավորման, կայունության հաստատման ու զարգացման հրամայականը՝ դատապարտելով ուժի կիրառման, միջազգային նորմերի, մարդու իրավունքների խախտումների դրսեւորումներն աշխարհի տարբեր անկյուններում»,- ասվում է հայտարարության մեջ։