Արցախցի քանոնահարուհի Լուսինե Գասպարյանի քաղցրահնչյուն կատարումները Գյումրիում արդեն հասցրել են սիրվել:
2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված եւ Գյումրիում բնակություն հաստատած Լուսինե Գասպարյանը Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում է ծնվել, մեծացել:
«Մարտունին ամենաջերմ քաղաքն է ինձ համար, որտեղ կցանկանայի ապրել, աշխատել մշտապես»,- ասում է նա:
Երաժիշտների ընտանիքի դուստրը նույնպես ծնողների ճանապարհն է ընտրել, իսկ որպես արտահայտչամիջոց՝ քանոնը: Նախ Մարտունու արվեստի դպրոցում, ապա Ստեփանակերտի երաժշտական քոլեջի ժողովրդական նվագարանների բաժնում է սովորել, մասնագիտացել: Ուսումնառությանը զուգահեռ աշխատել է Շուշիի մշակույթի տան ժողովրդական գործիքների համույթում: «Շուշիում շատ բան սովորեցի, մեծանուն եւ բազմավաստակ երաժիշտների հետ ճանապարհ անցա: Շուշին Արցախի մշակութային մայրաքաղաք էր հռչակվել, լավագույն երաժիշտների կենտրոնն էր դարձել»,- պատմում է Լուսինեն:
Արդեն հմտացած երաժիշտը որոշում է հետ գալ հարազատ ծննդավայր Մարտունի՝ կուտակած գիտելիքը տեղի սաներին փոխանցելու առաքելությամբ: Մարտունիից զատ դասավանդում է նաեւ Ճարտարի, հարակից գյուղերի արվեստի դպրոցներում, աշակերտական համույթներում: Երաժիշտ-ուսուցչուհին ասում է՝ աշխատել են մինչեւ տեղահանման վերջին օրը: Ո՛չ շրջափակումը, ո՛չ սովը, ո՛չ պատերազմի վախը երգ-երաժշտությունն ու կրթությունը հետին պլան չեն մղել Արցախում:
Շրջափակման օրերը վատ երազի պես են անցել: «Հաղթահարում էինք ամեն դժվարություն հույսով, որ ամեն բան անցնելու է, բայց չգիտեինք, որ դրա վերջը հարազատ օջախը թողնել գնալն է լինելու,- պատմում է Լուսինեն եւ հավելում,- չզարմանաք, բայց շրջափակումը մեզ նաեւ համախմբեց, մարդկանց լավ տեսակը ի ցույց դրեց: Մարդիկ այդ օրերին փոխվել էին, արժեհամակարգը, կարեւորի եւ անկարեւորի տեղերն էին փոխվել: Բարիացել էին բոլորը, մեկը մեկին օգնում էին, ինչով կարողանային: Գազ, լույս չկար, վառարաններ էին վառում բակերում, վերջին բուռ ալյուրով հաց թխում, ջուր տաքացնում»:
Եթե սովն ու շրջափակումը մի կերպ հաղթահարելի էր, պատերազմի սկսվելն անհաղթահարելի աղետ էր: «Երեխաներս, բարեբախտաբար, տուն էին եկել դպրոցից, նկուղում մի կերպ գոյատեւեցինք, հրաշքով ողջ մնացինք»,- դառը հիշողությունները վերապրելով՝ պատմում է Լուսինեն:
Երեք օրվա «խաչի ճանապարհ» են հաղթահարել, մինչեւ հասել են Տեղ գյուղ: Լուսինեն պատմում է, որ ո՛չ ուտելիք ունեին վերցնելու, ո՛չ էլ նյութական ինչ-որ բան, բայց հասցրել է քանոնը, կիթառը եւ լուսանկարչական սարքը հետը բերել:
Երեւանում տուն գտնելու ապարդյուն փորձերից հետո Գյումրիում համեմատաբար մատչելի կացարան են վարձել: «Երբ տանտիրուհին իմացավ, որ Արցախից ենք, մեծ հոգատարությամբ ամեն ինչ պատրաստել էր, որ ոչնչի կարիք չունենայինք,- ասում է Լուսինեն եւ վստահեցնում,- Գյումրիում ինձ ընդունեցին շատ ջերմ, օգնելու պատրաստակամ: Մարդիկ այստեղ սրտացավ ու տարբերվող են, երեւի երկրաշարժ են տեսել, դրանից է»:
Լուսինեին բարի մարդիկ օգնում են նաեւ աշխատանք գտնելու. շատ արագ լուսանկարչական ստուդիայում աշխատանքի է ընդունվում եւ նույն օրը գումար վաստակած տուն վերադառնում: «Այդ օրը երջանիկ էինք ամբողջ ընտանիքով, հույս վառվեց մեր մեջ, որ ամեն ինչ կստացվի»:
Ավելի ուշ Լուսինեն համացանցից տեղեկանում է, որ երգչուհի Տաթեւ Մինասյանը համույթ հիմնելու նպատակով քանոնահարուհու է փնտրում: «Խոսեցինք, իրար դուր եկանք, բենդը ձեւավորվեց»:
Այսօր արդեն գյումրեցի եւ արցախցի երաժիշտների համագործակցությունը շատերին է ուրախացնում: Մոռացված եւ արխիվից պեղած հարսանեկան երգեր են գտել, նոր կյանք տվել, նոր շնչով ձեւավորել: Հարսանեկան հանդեսներն էլ այսօր Գյումրիում շատերը նախընտրում են սկսել ազգային շնչով, ժողովրդական նվագարաններով գործիքավորված Գյումրի-Արցախ երաժշտական խմբի կատարումներով:
Խնդիրներից խոսել Լուսինեն շատ չի սիրում, փաստում է միայն, որ Գյումրիում աշխատանքի հարցում կայունություն չկա, գումար վաստակելու համար մեծ ջանքեր են պետք:
Եվ չի մոռանում թե՛ իրեն, թե՛ ընթերցողին հիշեցնել, որ ինքը հուսահատվողներից եւ հանձնվողներից չէ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։