Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հաստատել է, որ Անկարան շահագրգռված է միանալու BRICS միջպետական տնտեսական կառույցին:
«Ներկայիս միջազգային դիվերսիֆիկացիայի համատեքստում մենք, իհարկե, դիտարկում ենք առեւտրատնտեսական համագործակցության տարբերակներ։ BRICS-ն այժմ հարթակ է, բայց այն ամբողջությամբ ինստիտուցիոնալացված չէ: Այսինքն՝ օրինակ, ԵՄ-ն ունի ինտեգրված ու ընդհանուր արժույթ, ֆինանսավորման մեթոդներ, մոդելներ, ներդրումային ծրագրեր, չափանիշներ, ենթակառուցվածքներ եւ այլն։ BRICS-ը դեռ ամբողջությամբ չի լուծել այս խնդիրները։ Երբ մենք միանանք BRICS-ին, այն ժամանակ կտեսնենք, թե ինչպես կզարգանա ամեն ինչ։ Մենք ձգտում ենք դրան»,- ասել է Ֆիդանը Anadolu գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։
Նա նաեւ պարզաբանել է, որ եթե ԵՄ-ին Թուրքիայի տնտեսական ինտեգրումն ավարտվեր միությանը լիիրավ անդամակցությամբ, ապա գուցե Թուրքիան շատ հարցերում այլ տարբերակներ չփնտրեր։
Թուրքիայի արտգործնախարարը նաեւ նշել է, որ Անկարան բացի BRICS-ից հետաքրքրված է նաեւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայով (ASEAN)։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Bloomberg-ը, հղում կատարելով աղբյուրներին, գրել էր, որ թուրքական իշխանությունները դեռ ամիսներ առաջ դիմել են BRICS-ին միանալու համար։
Պարբերականի փոխանցմամբ՝ այս կերպ Թուրքիան փորձում է ամրապնդել իր ազդեցությունն աշխարհում եւ ընդլայնել կապերը զարգացող երկրների հետ։ Բացի այդ՝ BRICS-ի նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է Եվրամիությանն անդամակցելու հարցում առաջընթացի բացակայության եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ տարաձայնությունների ֆոնին։