Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հաստատել է, որ մտադիր է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավարության հետ այցելելու Գազայի հատված։ Սրա մասին նա հայտարարել է Մադրիդում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք հաստատում ենք, որ Գազան, ինչպես Հորդանան գետի Արեւմտյան ափը եւ Արեւելյան Երուսաղեմը, Պաղեստինի ազգային վարչակազմի իրավասության տակ են: Այս կապակցությամբ, ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, Ազգային վարչակազմի ղեկավարությունը կայցելի Գազա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, պետությունների եւ միջազգային կազմակերպությունների բոլոր շահագրգիռ ներկայացուցիչների ուղեկցությամբ»,- նրա խոսքերը մեջբերում է WAFA գործակալությունը։
Պաղեստինի նախագահը հաստատել է, որ իր առաջնահերթությունը մնում է «պաղեստինցիների դեմ ագրեսիայի դադարեցումը», Գազայի հատվածից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը, Գազայի ենթակառուցվածքի վերականգնումը եւ ամբողջական քաղաքական գործընթացներին անցումը, որը «վերջ կդնի իսրայելական օկուպացիային եւ կապահովի անվտանգությունն ամբողջ տարածաշրջանում»։
Այս առնչությամբ Աբբասը շեշտել է, որ Պաղեստինը «կշարունակի պահանջել միջազգային խաղաղության համաժողով»՝ լուծելու պաղեստինա-իսրայելական տարաձայնությունները, եւ հույս է հայտնել, որ այդ բանակցությունները տեղի կունենան Իսպանիայի մայրաքաղաքում 1991 թվականի Մադրիդյան կոնֆերանսի օրինակով։
Աբբասը Գազա այցելելու մտադրության մասին առաջին անգամ հայտարարել էր օգոստոսի 15-ին՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանի արտահերթ նիստում։