Լիբանանի շիայական «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը նախօրեին հանդես եկավ հատուկ ուղերձով, որը հաջորդեց սեպտեմբերի 17-ին եւ 18-ին ամբողջ երկրի տարածքում կապի միջոցների հանկարծակի պայթյուններին։
Նասրալլահը տեղի ունեցած պայթյունների կազմակերպման ու իրագործման համար մեղադրել է Իսրայելին եւ նշել, որ դրանք թիրախավորել են ոչ միայն «Հըզբոլլահի» անդամներին, այլեւ սովորական քաղաքացիներին, այդ թվում երեխաներին։
«Սա մաքուր ահաբեկչություն է։ Մենք դրանք կանվանենք երեքշաբթի օրվա եւ չորեքշաբթի օրվա ջարդ: Սրանք ռազմական հանցագործություններ են կամ առնվազն պատերազմի հայտարարում։ Ալլահը ողորմած է եւ կանխել է առավել շատ մահերն ու վիրավորումները։ Որոշ փեյջերներ անջատվել են կամ ուղղակի շարքից դուրս են եկել։ Մի մասն էլ դեռ պահեստներում էր եւ չէր բաժանվել»,- հայտարարել է «Հըզբոլլահի» առաջնորդը։
Ըստ նրա՝ սարքերը պայթել են խաղաղ վայրերում, այդ թվում՝ հիվանդանոցներում, որի նպատակը «Հըզբոլլահին» ստիպելն էր դադարեցնել Իսրայելի հրթիռակոծումը:
«Հանուն բոլոր կորցրած նահատակների, հանուն բոլոր վիրավորների, հանուն բոլոր նրանց, ովքեր մարտնչել են Գազայի համար, մենք ասում ենք [Իսրայելի վարչապետ Բենիամին] Նեթանյահուին եւ [պաշտպանության նախարար Յոավ] Գալանտին՝ թշնամուն, որ լիբանանյան ճակատը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարել ագրեսիան Գազայում։ Լիբանանի դիմադրությունը չի դադարի Գազայի եւ Հորդանան գետի արեւմտյան ափի բնակչությանը աջակցելուց»,- ասել է Նասրալլահը։
Նա նաեւ հայտարարել է, որ իսրայելցիների գործողությունները կարժանանան այնպիսի պատասխանի, «որին սպասում են, եւ այնպիսիին, որին դեռ չեն սպասում»:
«Տեղի, ժամանակի, վայրի, մանրամասների մասին չեմ խոսի, ամեն ինչ կիմանաք, երբ լինի։ Այդ հատուցումը տեղի կունենա։ Այժմ մանրամասներ չենք բացահայտի, քանի որ ճակատամարտի շատ զգայուն փուլում ենք»,- ասել է «Հըզբոլլահի» առաջնորդը։
Մինչ Նասրալլահը խոսում էր, Իսրայելը նոր հարվածներ էր հասցնում Լիբանանի հարավային շրջաններին, որի հետեւանքով, ինչպես նշված է իսրայելական բանակի հաղորդագրության մեջ, ոչնչացվել է շուրջ 100 հրթիռային հենակետ, որոնցից կարող էր մինչեւ 1000 հրթիռ արձակվել Իսրայելի ուղղությամբ:
Իսրայելի պաշտպանության բանակը, մեկնաբանելով նոր գործողությունները, հայտարարել է, որ մտադիր է «ոչնչացնելու լիբանանյան շարժման ահաբեկչական ներուժը եւ ենթակառուցվածքները»։
«Իսրայելի պաշտպանության ուժերը գործում են հյուսիսային Իսրայելի անվտանգությունն ապահովելու, հյուսիսի բնակիչներին իրենց տներ վերադարձնելու եւ բոլոր ռազմական նպատակներին հասնելու համար»,- ասվում էր հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին եւ 18-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում եւ երկրի այլ քաղաքներում պայթել էին «Հըզբոլլահի» ներկայացուցիչների փեյջերներն ու կապի այլ միջոցները, ինչպես նաեւ լիթիում-իոնային մարտկոցով աշխատող այլ սարքավորումները՝ հանգեցնելով զոհերի ու վիրավորների։
«Հըզբոլլահը» տեղի ունեցածի համար մեղադրել է Իսրայելին։
Իսրայելի իշխանությունները դեռեւս ուղիղ մեկնաբանություններ չեն տվել պայթյունների վերաբերյալ։ Սակայն երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր «պատերազմի նոր փուլի» մեկնարկի եւ «ռազմական ջանքերի ծանրության կենտրոնը» հարավից հյուսիսային ուղղությամբ, այսինքն՝ Լիբանանի հետ սահման տեղափոխելու մասին։