ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ամփոփել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Ներքին Շորժա, Նորաբակ, Կութ գյուղերում լրացուցիչ փաստահավաք աշխատանքների արդյունքները:
Օմբուդսեմենը հայտարարել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարեւանությամբ ադրբեջանական զինծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, նրանց բացահայտ հանցավոր արարքները լրջորեն վտանգել են Հայաստանի սահմանային գյուղերի բնակիչների կյանքն ու առողջությունը, ամբողջությամբ խաթարել նրանց բնականոն կյանքն ու հոգեկան անձեռնմխելիությունը:
Արման Թաթոյանն ահազանգել է, որ ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարեւանությամբ` արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, նրանցից պահանջում բացատրություններ տալ՝ ի՞նչ ուղղությամբ եւ ի՞նչ նպատակով են շարժվում, ի՞նչ են տեղափոխում, ավելին՝ հաճախ փորձում են ապօրինաբար խուզարկել մեքենաներն ու սպառնալիքներ են տեղում:
Պաշտպանն ընդգծել է, որ ստեղծված վիճակն էլ ավելի է խորացնելու սոցիալական խնդիրները: Նա նշել է, որ արոտավայրերը, խոտհարքները, մյուս նշանակության հողատարածքներն օգտագործել հնարավոր չէ, քանի որ այդ տարածքները հակառակորդի ուղիղ նշանառության տակ են, եւ ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար ներկա են ադրբեջանցի զինծառայողներ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է նաեւ, որ ադրբեջանական զինուժի տիրապետության կամ վերահսկողության տակ են հայտնվել ոռոգման եւ խմելու համար անհրաժեշտ ջրային պաշարները:
Օբուդսմենն ընդգծել է, որ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորված են Սահմանադրությամբ ու միջազգային պահանջներով:
«Չի կարող պետության սահմաններին վերաբերող որեւէ գործընթաց համարվել ընդունելի, եթե դրա արդյունքում խաթարվել են սահմանային բնակիչների բնականոն կյանքը, կոպտորեն խախտվել ու շարունակում են խախտված կամ լրջորեն վտանգված մնալ նրանց իրավունքները: Այսպիսով, անվտանգության գոտու ստեղծումը բացարձակ անհրաժեշտություն է` մարդկանց խախտված իրավունքների վերականգնման ու խախտումների վտանգներից երաշխավորման նպատակով»,- ընդգծել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: