Հայաստանում հեղաշրջման փորձին Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին հաղորդագրությունները կեղծ են, որոնք ներդրվել են արեւմտյան հետախուզական գործակալությունների կողմից։ Սրա մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Կանանց եվրասիական IV համաժողովի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Հայաստանի մի շարք պաշտոնյաների ցանկությունը՝ հեղաշրջման փորձը կանխելու մասին ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը «շրջելու» եւ այնտեղ ռուսական ինչ-որ հետք գտնելու ակնկալիքով, անհեթեթ է եւ չի դիմանում որեւէ քննադատության։ Բացի այդ՝ սա պարզապես միտումնավոր գործարկված կեղծիք է։ Հնարավոր է, որ արեւմտյան հետախուզական ծառայությունների խորհրդատուները կանգնած են կոպտորեն ձեւակերպված այս կեղծ փսեւդոսենսացիայի հետեւում: Նրանց խնդիրն է կանխել երկկողմ հարաբերությունների բարելավումը, այդ թվում՝ հաշվի առնելով ռուս-հայկական առաջիկա շփումները ամենաբարձր մակարդակներում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Հայաստանի քննչական կոմիտեն Հայաստանում զինված հեղաշրջմամբ փորձի ծրագրավորման եւ նախապատրաստման մասին հայտարարություն տարածել էր սեպտեմբերի 18-ին։
Դրանում նշվում էր, որ Հայաստանում «իշխանությունը զավթելու նպատակով ամսական շուրջ 220.000 ռուբլի վճարի դիմաց Ռուսաստանի Դաշնությունում եռամսյա հավաքներ անցնելու եւ դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաեւ գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով» ընթացիկ տարում մի շարք անձանց կողմից հավաքագրվել են Հայաստանի մի շարք քաղաքացիներ եւ Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ։