Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Ուղերձում մասնավորապես ասվում է․
Միացյալ Նահանգների ժողովրդի անունից մեր բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ եւ Հայաստանի ժողովրդին Անկախության 33-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները, կապված լինելով մեր ժողովուրդների միջեւ խոր կապերով, միասին աշխատում են՝ ստեղծելու ավելի լավ ապագա, այդ թվում՝ բարձրացնելով մեր հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն: Սա կխթանի մեր համագործակցությունն ամբողջ ծավալով՝ սկսած անվտանգության եւ պաշտպանության մեր գործընկերության ամրապնդումից մինչեւ մաքուր էներգիայի եւ առեւտրի դիվերսիֆիկացման մեր նախաձեռնությունների արագացում: Այս ռազմավարական գործընկերությունը նաեւ կօժանդակի ժողովրդավարությանը միտված Հայաստանի շարունակական ջանքերին քաղաքացիական գործողությունների, լավ կառավարման, օրենքի գերակայության եւ հակակոռուպցիոն միջոցառումների միջոցով։ Սրանք ընդհանուր արժեքներ են թե՛ ամերիկացիների եւ թե՛ հայերի համար:
Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը եւ սեփական ապագան որոշելու իրավունքին։ Մենք աջակցում ենք ամբողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Ձեր շարունակական հանձնառությանը: Եվ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ հետ աշխատելուն եւ շարունակելու ձեւավորել ապագա, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապրել արժանապատիվ ու անվտանգ։
Այսօր ավելի վաղ շնորհավորական ուղերձ էր հղել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ կրկին ընդգծելով, որ «Միացյալ Նահանգներն անդրդվելի է հայ ժողովրդի ժողովրդավարական նկրտումների, ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության աջակցության հարցում»։