Նախորդ շաբաթ, երբ կրկին ակտիվացան, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասով Ռուսաստանից եւ Ադրբեջանից հնչող պահանջատիրական հայտարարությունները, Իրանից պաշտոնական տարբեր մակարդակներով հետեւեցին հայտարարություններ, որ Հարավային Կովկասում սահմանների անփոփոխելիությունն ու աշխարհաքաղաքական իրադրության փոփոխությունը կարմիր գիծ են Իսլամական Հանրապետության համար։ Թեհրանից հնչող նման հայտարարությունները հերթական անգամ մեծ ոգեւորություն առաջացրին Հայաստանի ներսում։
Սա նոր հայտարարություն չէ, եւ սրա մասին պարբերաբար նշվել է դեռեւս 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ մասնավորապես 2021 եւ 2022 թվականներին Հայաստանի սահմանային շրջաններում Ադրբեջանի հարձակումներից հետո։ Իրականում, թե ինչ է նշանակում Իրանի համար իր սահմանած կարմիր գծերի խախտումը, հատկապես Հարավային Կովկասի պարագայում, այնքան էլ հասկանալի բան չէ։ Սակայն մեծ է հավանականությունը, որ հենց նման հայտարարություններն են հիմք դարձել, որ ռազմական գործողություններից հյուծված Հայաստանի բնակչության շուրջ 46%-ը (2023 թվականի վերջի դրությամբ) երկրի համար անվտանգության ոլորտում որպես կարեւոր գործընկեր Ֆրանսիայից հետո (50 %) դիտարկի Իրանի Իսլամական Հանրապետությանը։
Հասկանալի է, որ ներկա տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական բարդ համատեքստում ցանկացած գերտերությունից, հատկապես սահմանակից տարածաշրջանային մակարդակով գերտերությունից հնչող այդ հայտարարությունը Բաքվի տարածքային նոր հավակնությունները զսպող գործոնի պատկեր պետք է ստեղծեր։
Բայց պետք է նաեւ հասկանալի լինի, որ բացի Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցից՝ Երեւանի առջեւ այստեղ դրված է նաեւ Իրանի համար իր տարածքով անցնող առեւտրային ուղիները շրջանցող երկրի կարգավիճակ ձեռք չբերելու հարցը։ Սա այնպիսի կարեւոր հանգամանք է, որը ԱՄՆ-ի ու Եվրամիության երկրների անընդհատ թարմացվող պատժամիջոցների տակ գտնվող Իրանի համար առանձնակի կարեւոր եւ անգամ կենսական նշանակության խնդրի տեսք է ստացել։
Ամեն բան ավելի ընկալելի կլիներ, եթե տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը սատարելու մասին Իրանի հայտարարությունների համար «գոհունակություններն» ու «հրճվանքները» հնչեին Ադրբեջանից, որովհետեւ ի տարբերություն Հայաստանի՝ Բաքվին ուղղված Իրանի աջակցությունը հայ-ադրբեջանական հակամարտության 30 տարիների ընթացքում բավականին արտահայտիչ է եղել։ Դրանք առավել ցայտուն դրսեւորվել են հատկապես հակամարտության, այսպես ասած, «թեժ փուլերի» ընթացքում։
Բավական է հետ գնալ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակներ եւ կարելի է տեսնել, թե ինչպես էր Իրանի կղերապետական հոգեւոր ամբողջ վերնախավը Թուրքիայից ու Ադրբեջանից հետո վերածվել Արցախի եւ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի երրորդ ճակատի. քարոզչական պատերազմի մի ամբողջական շղթա, որը հայկական տիրույթում այդպես էլ չարժանացավ ո՛չ պատշաճ լուսաբանման, ո՛չ էլ մեկնաբանության։ Բայց այս ամենի շուրջ խոսենք հերթականությամբ։
Ռազմական գործողությունների մեկնարկի արդեն երրորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, Թավրիզում տեղի ունեցած նիստի ընթացքում ընդունած հայտարարության մեջ Արեւելյան Ադրբեջան նահանգի գլխավոր ֆաղիհ (իրավաբան-կրոնագետ) գիտնական Սաիդ Մոհամմեդ Ալի ալ-Հաշեմը, Արդաբիլ նահանգի գլխավոր ֆաղիհ եւ ուրբաթօրյա աղոթքի իմամ Հասան Ամալին, Զենջան նահանգի գլխավոր ֆաղիհ գիտնական Ալի Խաթեմին եւ Արեւմտյան Ադրբեջան նահանգի գլխավոր ֆաղիհ Սաիդ Մահադի Քուրեշին Ղարաբաղը ճանաչում էին որպես ադրբեջանական հող, ապա նաեւ աջակցություն հայտնում դրանք ռազմական ճանապարհով «վերադարձնելուն»։
Հայտարարության մեջ իրանցի հոգեւորականները Ադրբեջանը համարում էին «ահլ ալ-Բայթի» երկիր, այսինքն՝ Մուհամմադ մարգարեի հորեղբորորդի ու չորրորդ խալիֆ Ալի իբն Աբու Թալիբի ընտանիքի եւ նրա սերունդների ուղուն հետեւող ժողովրդի երկիր։ Կամ, ավելի կարճ ասած, իսլամի շիա ուղղության հետեւորդների պետություն։ Նրանց կարծիքով, ռազմական գործողությունների դիմելով, ադրբեջանական ղեկավարությունը գործել էր իսլամական օրենքներին համահունչ եւ նախաձեռնել «իսլամական հողերի ազատագրումը»։
Ղարաբաղը «իսլամական հող» համարելու մասին շիա հոգեւորականները հայտարարել էին դեռեւս 1826 թվականին՝ Ռուսական կայսրության եւ Ղաջարական Իրանի միջեւ պատերազմի նախօրեին։ Պարսիկ պատմագիր Ռեզա Ղուլի Հեդայաթին (1800-1871) պատմում է, որ դեռեւս 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Իրանի կորցրած Անդրկովկասի տիրույթները, այդ թվում Ղարաբաղի խանության տարածքը, շիա հոգեւորականները հայտարարել էին որպես «զավթած իսլամական հողեր» եւ Ֆաթ Ալի Շահ Ղաջարի համար պարտադիր սահմանել «մուսուլմաններին ճնշողների ոչնչացումն ու իսլամի հողերի ազատագրմանն անցնելը»։
Իսլամական իրավունքի մեջ գիտնականները դեռ VII-VIII դարերի արաբական մեծ նվաճումներից հետո աշխարհը բաժանել էին «իսլամի տարածքի» եւ «պատերազմի տարածքի»։ «Իսլամի տարածք» հասկացությունը համապատասխանում էր իսլամական իշխանության ներքո գտնվող այն տարածքին, որտեղ ամբողջությամբ գերակշռում էր իսլամական իրավունքը թե՛ իր արարողակարգային բաղադրիչով եւ թե՛ ընտանեկան, քաղաքացիական, գույքային, քրեական եւ դատական իրավական համակարգով: Այս տարածքի բնակիչներն ի ծնե կամ ուշ տարիքում դավանափոխ եղած եւ իսլամ ընդունած մուսուլմաններն էին, ինչպես նաեւ «սուրբ գրերն ընդունող մարդիկ», ինչպիսիք էին հուդդայականները, քրիստոնյաները եւ զրադաշտները, որոնք գերադասում էին ապրել մուսուլմանական տարածքում եւ մնալ ոչ մուսուլմաններ՝ դրա փոխարեն վճարելով սահմանված գլխահարկը՝ ջիզյան։ Աշխարհի մյուս այն տարածքները, որտեղ չկար իսլամի եւ իսլամական իրավունքի գերակայությունը, դիտարկվում էին որպես «դար ալ-հարբ» կամ պատերազմի տարածք:
Իհարկե, «պատերազմի տարածքի» ու ջիզյայի վերաբերյալ տեսությունները մուսուլմանական երկրներում վաղուց է, ինչ գործնական մակարդակից դուրս են մղվել, սակայն մուսուլմանական բնակչություն ունեցող շրջանները ընդհանրական ձեւով դեռ շարունակվում են համարվել «իսլամի տարածք»։
Իրանը, լինելով Իսլամական Հանրապետություն, թեոկրատական կարգ ունեցող պետություն, բնականաբար պետք է հետեւի իսլամական իրավունքից բխող ցանկացած հայեցակարգի։ Հետեւաբար չպետք է զարմանալի թվա, որ թե՛ 1826-ին եւ թե՛ 2020-ին շիա հոգեւորականները Ղարաբաղը համարում էին «իսլամի զավթված հող»։
Ավելին՝ 44-օրյա պատերազմի օրերին եղան հոգեւորականներ, որոնք Արցախյան առաջին ազատամարտը մի հարթության վրա էին դրել Պաղեստինի իսրայելական օկուպացիայի հետ եւ այդպես էլ ներկայացրել իրենց կոչերում։ Այդպիսի գիտնականներից է, օրինակ, Ղոմ քաղաքի հեղինակավոր հոգեւորական Այաթոլլահ Մաքարեմ Շիրազին, որ հոկտեմբերի 16-ին տարածված հայտարարության մեջ նշել էր, որ «բոլոր մուսուլմանների վրա դրված պարտավորություն է աջակցել ոչ միայն Ղարաբաղի շրջանի, այլ նաեւ Պաղեստինի եւ այլ իսլամական երկրների օկուպացիայից ազատագրմանը»։
Բայց Իրանի պաշտոնական դիրքորոշումը հոկտեմբերի 4-ին երկարատեւ եւլույթի վերջում հայտնեց անձամբ Իսլմական հեղափոխության առաջնորդ եւ երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։
«Ադրբեջանին պատկանող բոլոր հողերը պետք է ազատվեն։ Այսինքն՝ այդ բոլոր հողերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Սա գործողության հիմնական պայմաններից մեկն է, որովհետեւ այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին, հետեւաբար Ադրբեջանի Հանրապետությունը իրավունք ունի ազատագրելու դրանք եւ պետք է ազատագրի»,- իր ելույթում ասել էր հոգեւորականը։
Ալի Խամենեին նաեւ հայտարարել էր Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտության մասին, սակայն սա դեռ չի նշանակում, որ Թեհրանը, ինչպես վաղուց փորձ է կատարվել ներկայացնելու հայ հասարակությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չեզոքություն է պահպանել։
Իհարկե, հայտնի է 1992-ի մայիսի սկզբին Արցախյան հակամարտության կարգավորման համար Իրանի միջնորդական կարճատեւ առաքելության պատմությունը, որը փաստացի տապալվեց հայկական ուժերի կողմից հենց Շուշին գրավելու օրը։ Հայտնի է նաեւ պատերազմի տարիներին Իրանից ուղարկված հումանիտար աջակցության պատմությունը։ Բայց Թեհրանի այս ջանքերին զուգահեռ կար նաեւ մեկ այլ իրողություն։ Քիչ չեն պատմություններն ու հաղորդումներն այն մասին, որ հենց Արցախյան առաջին պատերազմի տարիներին Թեհրանի եւ էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված Իրանի այլ քաղաքների մզկիթներում մեծ ակտիվությամբ շրջանառության մեջ էին դրվել հակահայկական բնույթի «մուսուլմանական-ադրբեջանական գործին ձեռնամուխ լինելու» կոչեր պարունակող թռուցիկներ ու բրոշյուրներ։ Օրինակ՝ Թեհրանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ ԱԳՆ ուղարկված այդպիսի մի բրոշյուր պարունակել էր հետեւյալ գրությունը․ «Իմ ադրբեջանցի եղբոր արյունը գետնին թափված չի մնա։ Աշխարհի մուսուլմանական ազգերը, ինչպիսիք են իրանցիները, թուրքերը, պակիստանցիները, իրաքցիները, թուրքմենները, ղրղըզները, ուզբեկները, սիրիացիները, լիբանանցիները եւ ամբողջ աշխարհի մուսուլմանական համայնքը արյունով կլվանան ու կազատագրեն գողացված հողերը: Մենք թույլ չենք տա, որ «քաղաքակիրթ» խաչակիրների ձեռքով նոր Իսրայել ստեղծվի»։
Հավանաբար հենց այս քարոզչությունն էր, որ 1993-ի ապրիլին Թեհրանի միառժամանակ մի քանի համալսարանների ուսանողներին կարողացրել էր մոբիլիզացնել հակահայկական ահռելի ցույց գեներացնելու համար, որի հետեւանքը եղել էր Հայաստանի դեսպանատան վրա հարձակումը, դեսպանների հետկանչը եւ միջպետական հարաբերությունների կարճատեւ ճգնաժամը։
Երեւան-Թեհրան հարաբերությունները հազիվ էին փրկվել փակուղի մտնելուց, երբ երկու ամիս անց հայտնվեց Իրանի պաշտոնական դիրքորոշումը։ Այն հայտնի դարձավ 1993 թվականի հուլիսին, երբ հայկական ուժերն անցել էին հարձակման Աղդամի ուղղությամբ։ Այդ ամսվա վերջին Իրանի կրոնապետ այաթոլլահ Ալի Խամենեին Թավրիզ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ «Իրանը անտարբեր չի կարող մնալ ադրբեջանական տարածքների հանդեպ հայերի ոտնձգությունների նկատմամբ», քանի որ «Հայաստանի կառավարությունը եւ Ղարաբաղի հայերը ճնշում են մուսուլմաններին»։
Բայց միայն միտինգներով ու հայտարարություններով չէ, որ պիտի սահմանափակվեր Իսլամական Հանրապետությունը։ Իրանի կղերապետական հիերարխիայի կարեւոր կառույց եղող փորձագետների խորհրդի անդամ եւ Արդեբիլ նահանգի ուրբաթօրյա աղոթքի իմամ Հասան Ամալին 2011 թվականին պատմել էր, որ 1990-ականներին ստեղծվել էր ադրբեջանաիրանական պաշտպանության ընդհանուր շտաբ, «որի շրջանակում Թավրիզի եւ Արդեբիլի գեներալներն օգնում էին ադրբեջանցի եղբայրներին՝ օր ու գիշեր ամեն ինչ անելով կանխելու համար հայկական ագրեսիան»։
Նույն Ամալին քարոզչական շրջանակում մեծ ակտիվությամբ գործել էր նաեւ 2016 թվականին, երբ դեռ Արցախի սահմաններին շարունակվում էին ռազմական գործողությունները։ Նա ապրիլի 4-ին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել էր․ «Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդն ասել է, որ Ղարաբաղը իսլամական հող է, եւ այս հողում տեղի ունեցած բախումների հետեւանքով մահացած անձը համարվում է շահիդ (նահատակ)։ Անձամբ ես, եթե իհարկե պայմանները համապատասխան լինեն, ցանկանում եմ գնալ Ղարաբաղ եւ իրագործել իմ պարտքը»։
Նման հայտարարություններ արել էր նաեւ Իրանի Գիլան նահանգի Աստարա քաղաքի իմամ Հաֆիզ Քազիմնին՝ հայտարարելով, որ «Ղարաբաղի օկուպացված լինելու մեջ» որեւէ կասկած չկա, եւ որ այն պետք է վերադառնա մուսուլմանական երկիր համարվող Ադրբեջանի կազմ։
Այսպիսով՝ վերեւում շարադրվածը միայն Իրանի կողմից Ադրբեջանին ցուցաբերված տեղեկատվական ու քարոզչական աջակցության փոքր մասն է։ Հայաստանը որպես ագրեսոր եւ օկուպանտ ներկայացնող շիա հոգեւրականների այս հայտարարությունները մեկը մյուսի հետեւից տարբեր ժամանակներում միանգամից տեղափոխվել են նաեւ քաղաքական հարթակներ եւ հնչել Իրանի նախագահների, արտգործնախարարների ու տարբեր գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։
Վերոգրյալն ընդգծում է մի կարեւոր հանգամանք․ Հայաստանի համար որքան էլ կարեւոր լինեն Իրանի հետ բազմոլորտ հարաբերությունները եւ պատմական կապերը, այնուամենայնիվ, պետք է հիշել ու ընդգծել, որ հայ ժողովրդի համար թիվ մեկ անվտանգային հարցի՝ Արցախյան խնդրի շուրջ Թեհրանի, այսպես կոչված, «հավասարակշռված քաղաքականության» վերաբերյալ պատկերացումները մեզանում առավելապես չափազանցված են եղել:
Մասնագիտությամբ միջազգայանագետ եմ։ Ձգտում եմ մարդկանց ապահովել տեղեկատվությամբ՝ նպատակ ունենալով թեկուզ չնչին ներդրում կատարել անցյալից ու ներկայից տեղեկացված հասարակություն կերտելու գործում։ Հետաքրքրությանս ոլորտներն են կրոնները, հատկապես իսլամը՝ իր շիա ուղղությամբ, պատմությունն ու պատերազմի մասին ժողովուրդների ընկալումները։