Ադրբեջանի Միլի Մեջլիսի յոթերորդ գումարման առաջին նստաշրջանում ելույթով հանդես է եկել նախագահ Իլհամ Ալիեւը։
Նա խոսել է երկրի առջեւ առկա մարտահրավերների մասին եւ նշել, որ Ադրբեջանի թիվ մեկ խնդիրը ռազմական հնարավորությունների ընդլայնումն է, որը բխում է նաեւ այսպես կոչված «հայկական ռեւանշիզմից»։
«Խնդիր համար մեկ․ ռազմական հնարավորությունների ավելացում։ [․․․] Թե՛ աշխարհում տեղի ունեցող գործընթացները, թե՛ հակամարտությունների, պատերազմների նոր օջախների ի հայտ գալն ու մեր շուրջը լարվածության աճը, թե՛ Հայաստանում ռեւանշիստական միտումները ստիպում են մեզ մշտապես ուշադրություն դարձնել այս ոլորտին»,- հայտարարել է Ալիեւը։
Ադրբեջանի նախագահն իր ելույթում նաեւ պնդել է, որ «ռեւանշիստները» միայն մարգինալ քաղաքական տարրեր չեն, եւ Հայաստանի գործող իշխանությունները նույն «մտքերով ու երազանքներով են ապրում»։
Ըստ Ալիեւի՝ Հայաստանում չեն ցանկանում համակերպվել Արցախյան 2020 թվականի 44-օրյա պատերազմի ու 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքների հետ։
«Թեեւ սա ասում են խոսքով, բայց իրենց գործերը, քաղաքականությունը, քայլերը լրիվ հակառակ պատկեր են ստեղծում։ Դա է վկայում Մինսկի խմբի ֆորմալ պահպանումն առ այսօր, որը գործառական նշանակություն չունի»,- հայտարարել է Ալիեւը։
Ըստ նրա, եթե Ադրբեջանը նվազեցնի ռազմական ոլորտի վրա եղած ուշադրությունը եւ բավարար միջոցներ չտրամադրի դրան, ապագայում նոր խնդիրների կարող է բախվել։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմին հաջորդած ժամանակահատվածում մենք մեծապես մեծացրել ենք մեր ռազմական հզորությունը, ստեղծվել են նոր զինված ստորաբաժանումներ, մի քանի անգամ ավելացվել է հատուկ նշանակության ջոկատների թիվը»,- հայտարարել է Ալիեւը։
Հաջորդիվ խոսելով բանակի մարտունակության կրկնապատկման ու տեխնիկական հագեցվածության մասին՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է․ «Հայաստանը եւ նրա թիկունքում գտնվող ցանկացած երկիր պետք է իմանան, որ մեզ հետ շանտաժի եւ վերջնագրերի լեզվով հնարավոր չի լինի խոսել։ Մենք պատրաստ ենք ցանկացած պատասխան տալու, մենք ունակ ենք դրան եւ պետք է միշտ պատրաստ լինենք դրան»։
Նա նշել է, որ ադրբեջանական կողմն արդեն ամրապնդվել է Հայաստանի հետ սահմանային շրջաններում, քանի որ Արեւմտյան երկրներից Հայաստան է ուղարկվում զենք ու զինամթերք, եւ հայկական կողմը միաժամանակ զորավարժություններ է անցկացնում օտար երկրների ու խոշոր տերությունների հետ։
Ըստ Ալիեւի՝ նման գործընթացներ իրականացվում են, քանի որ արեւմտյան որոշ երկրներ ցանկանում են Հայաստանին դրդել Ադրբեջանի դեմ նոր գործողությունների։