ԱՄՆ նախկին նախագահ եւ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ եթե պարտվի նոյեմբերի սպասվող ընտրություններում, այլեւս չի առաջադրվի նախագահի պաշտոնի համար։
Sinclair Broadcast Group TV-ի «Full Measure» հաղորդաշարի ժամանակ Թրամփը, պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյոք այլ հայտ կներկայացնի նախագահի պաշտոնի համար 2028 թվականին, եթե նոյեմբերին պարտվի Քամալա Հարիսին, ասել է․ «Ո՛չ։ Կարծում եմ այսքանով կավարտեմ։ Ես ինձ այլեւս չեմ տեսնում [որպես թեկնածու]։ Կարծում եմ, մենք բավականին հաջող ենք հանդես գալիս»:
ԱՄՆ-ում օրենքը արգելում է անձին նախագահի պաշտոնը զբաղեցնել երկու ժամկետից ավելի, ուստի հաղթելու դեպքում Թրամփը նույնպես չի կարողանա առաջադրվել 2028 թվականին։
Նախկինում Թրամփը շատ հազվադեպ էր խոսում ընտրություններում պարտության հնարավորության մասին. կողմնակիցների հետ ելույթներում եւ սոցիալական ցանցերում կատարած գրառումներում նա գրեթե միշտ հայտարարել է իր մոտալուտ հաղթանակի մասին։
Սակայն վերջին չորս օրվա ընթացքում հանրապետական թեկնածուն արդեն երկու անգամ անդրադարձել է պարտվելու հավանականությանը։
Առաջին նման հայտարարությունները նա հնչեցրել էր հինգշաբթի՝ Իսրայելա-ամերիկյան խորհրդի միջոցառման ժամանակ։
«Արդյո՞ք նրանք հասկանում են, թե ինչ կլինի, եթե ես չհաղթեմ այս ընտրություններում։ Եվ հրեաները շատ մեծ կապ կունենան սրա հետ, քանի որ 40 տոկոսի [աջակցության] դեպքում դա կնշանակի, որ 60 տոկոսը քվեարկել է թշնամու օգտին»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը։
Այս հայտարարությունը դատապարտել են Քամալա Հարիսի նախընտրական շտաբը եւ անկուսակցական կազմակերպություններ «Ամերիկայի հրեական կոմիտեն» ու «Հակազրպարտության լիգան»:
ԱՄՆ-ում անցկացված վերջին հարցումների համաձայն, որը կիրակի հրապարակել է CBS-ը, Հարիսի օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 52%-ը, իսկ Թրամփի օգտին՝ 48%-ը։
Առանցքային համարվող, այսպես կոչված, թեկնածուների միջեւ «տատանվող նահանգներում» Հարիսը կրկին առաջատար դիրքերում է՝ ունենալով 51%, իսկ Թրամփը՝ 49% աջակցություն։
CBS-ը նշում է, որ օգոստոսի համեմատ Հարիսն ամրապնդել է իր դիրքերը, երբ թեկնածուների աջակցության տոկոսները գրեթե հավասար էին։