Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 3-ին Հայաստանի կառավարությանը ծանուցել է, որ Ադրբեջանի կողմից հունիսի 1-ին եւ 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ եւ միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ: Ըստ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի՝ դրանք վերաբերում են ենթադրաբար ականապատված տարածքների քարտեզները ՀՀ-ի կողմից տրամադրելու պահանջին:
Եվրոպական դատարանը ներկայացված այս միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ, այլ դիտարկել է որպես հունվարին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի բաղկացուցիչ մաս՝ կցելով դրան:
Միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանական կողմի պահանջի վերաբերյալ Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությանը հայտնել է, որ դեռեւս ս. թ. մարտի 5-ին Եվրոպական դատարանի կողմից նույն հարցի առնչությամբ կայացվել է պահանջը մերժելու մասին որոշում՝ Դատարանի 39-րդ կանոնի, այսինքն՝ միջանկյալ միջոցի շրջանակից դուրս լինելու պատճառաբանությամբ: Եվրոպական դատարանը շեշտել է, որ 2021-ի մարտի 5-ի որոշումը դեռ ուժի մեջ է, եւ անհրաժեշտություն չկա նույն հարցի առնչությամբ նոր որոշում ընդունելու:
Հայաստանի կառավարությունը մայիսի սկզբին Եվրոպական դատարան է ներկայացրել լրացումներ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով դեռեւս փետրվարի 1-ին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատին՝ հավելելով նախկինում ներկայացված պահանջները, եւ կցել նոր ապացույցներ: