Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը «ավելի մոտ է ավարտին», քան շատերը կարծում են. սրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան ABC News-ին տված հարցազրույցի ժամանակ։
«Հաղթանակի ծրագիրը Ուկրաինայի հզորացումն է։ Դրա համար մենք խնդրում ենք մեր ընկերներին, մեր դաշնակիցներին, որ մեզ ուժեղացնեն։ Սա շատ կարեւոր է։ Կարծում եմ՝ մենք ավելի մոտ ենք խաղաղությանը, քան կարծում ենք։ Մենք շատ մոտ ենք պատերազմի ավարտին։ Մենք պարզապես պետք է շատ ուժեղ լինենք»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաեւ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «վախենում է» Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակողական գործողություններից։ «Սա ճիշտ է. նա շատ է վախենում։ Որովհետեւ նրա ժողովուրդը տեսավ, որ նա չի կարող պաշտպանել իր ամբողջ տարածքը»,- ասել է Զելենսկին եւ հավելել, որ միայն «ուժեղ դիրքերից» Ուկրաինան կարող է «Պուտինին դրդել դադարեցնելու պատերազմը»։
Զելենսկին ԱՄՆ պաշտոնական այցը սկսել է սեպտեմբերի 22-ին։ Այցի ընթացքում նա նախատեսում է Ուկրաինայի «հաղթանակի ծրագիրը» ներկայացնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Կոնգրեսի անդամներին, ինչպես նաեւ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսին եւ Դոնալդ Թրամփին։ Նա նաեւ ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին։