Վաղուց թեեւ իմ հայացքը անհայտին է ու հեռվում,
Ու իմ սիրտը իմ մտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ, երբ դառնում եմ դեպի քեզ,
Մղկտում է սիրտս անվերջ քո թառանչից աղեկեզ:
Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, ե՛ւ շեներից՝ տխո˜ւր, դատարկ ու խավար,
Զարկվա˜ծ հայրենիք,
Զրկվա˜ծ հայրենիք։
Հ. Թումանյան
Չգիտեմ՝ անցյա՞լը փառաբանեմ, թե՞ ներկան ողբամ, իսկ գուցե ապագա՞ն երգեմ… Իմ հայրե՛նիքը այնտեղ՝ հեռու, հեռավոր սարերի հետեւում, Հադրութն է գեղանի: Երբեւէ չեմ մտածել, որ այսքան ցավով ու կսկիծով կխոսեմ հայրենիքիս մասին: Հզոր նախնիներից ավանդված այն դրախտավայրը ինչպե՞ս կարող էր մնալ թշնամուն: Այնքա՜ն մոտիկ ես եւ այնքա՜ն հարազատ, այնքա՜ն սիրտ մաշող, այնքա՜ն տուն կանչող ու միայնակ ես, իմ սո՛ւրբ Հայրենիք: Ցավալի է գիտակցել, որ հայրենիքս հարկադրաբար լքել եմ կես տարի առաջ, եւ հարց է՝ երբեւիցե կվերադառնամ այնտեղ: Մտքով թերթում եմ հայոց պատմության ոսկետառ մատյանը. ահա հայրենիքս՝ ծովից ծով փռված ու նախնիներիս փառքով պսակված: Գալիս հասնում եմ Հայոց մեծ եղեռն. Մուշ, Էրզրում, Վան, Կարս, Անի, Նախիջեւան… Ամբողջ Արեւմտյան Հայաստանը հայաթափ եղավ: Դարերով իր հողին կառչած հայը դարձավ անտուն, անհայրենիք:
Տարիներ հետո նորից փառավորվեց հայոց պատմությունը: Արցախը հետ բերեց վաղեմի փառքը, հայը, վերագտած իրեն, ապրեց անհոգ ու խաղաղ: Սակայն Աստված բարեհաճ չգտնվեց մեր նկատմամբ, պատմությունը դաժանորեն կրկնվեց:
Մի՞թե մենք էլ արեւմտահայության նման դատապարտված ենք կարոտը սրտում ապրելու եւ հոգու մի թաքուն անկյունում պահելու այն առկայծող հույսը, որը մեզ կտանի մեր բնօրրանը, մեր հարազատ օջախը, այն քաղաքը, որի ջերմ գրկում անցել են իմ կյանքի լավագույն տարիները, այն տունը, որը կառուցվել է ծնողներիս կողմից իմ աչքի առաջ, այն փողոցը, որտեղ անցկացրել եմ մի ողջ մանկություն:
Չեմ ուզում հայրենիքիս մասին խոսել անցյալով: Իմ Հադրութը չքնաղ է, հասարակ ու հին: Այն Սպիտակ խաչ ունի, Խորն աղբյուր, հազարամյա Տնջրի ծառ, աննկարագրելի բնություն, յուրօրինակ բարբառ, որն աշխարհի ամենագեղեցիկ, ամենագունեղ ու ամենահյութեղն է: Հադրութն իր մեջ հազարավոր կյանքեր ու պատմություններ ունի: Ասում են. «Եթե Արցախը ոսկե մատանի է, ապա Հադրութը նրա ադամանդե ակն է»: Իսկ այժմ ոսկե մատանին քերեցին, իսկ ադամանդե ակը դավադրաբար գողացան:
Թեև մենք Հադրութում չենք, բայց սովորում ենք Հադրութի շրջանի վերաբացված դպրոցում: Այստեղ խոսում ենք մեր բարբառով, պահում ենք մեր նիստն ու կացը, մերը՝ հադրութցունը: Հպարտ եմ, որ արցախցի եմ, հպարտ եմ, որ հադրութցի եմ: Կոչ եմ անում տարբեր տեղերում գտնվող իմ հայրենակիցներին՝ խոսե՛ք մեր բարբառով, պահե՛ք մեր ավանդույթները, քանզի մեր հայրենիքից մնացել են այդ երկու սրբազան մասունքները:
Հուսանք, որ մի օր կգնանք հայրենիք, կքայլենք հարազատ հողում, եւ գուցե այդժամ մեր վերքերը սպիանան, եւ ազատվենք այս տանջող կարոտից:
Եվ որքան էլ քանդված ու ավերված, մենք քեզ կրկին կշենացնենք, կկառուցենք, իմ տանջվա՛ծ, զարկվա՛ծ, բայց, միեւնույն ժամանակ, լույսի՛ հայրենիք, հույսի՛ հայրենիք:
Թո՛ղ բախտը փշե պսակ դնե քո գլխին, իմ հայրենի՛ք, ես վարդերով կզարդարեմ այն: Թո՛ղ բախտը խափանի մրմունջներիդ մեղեդին, ես հզոր կղողանջեմ այն, չարի՛ նահատակ, իմ հայրենի՛ք…
Հադրութի Մ. Մանվելյանի անվ. միջնակարգ դպրոց
«Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպությունը, Ալիք Մեդիան եւ «Անալիտիկոն» հանդեսը դիմել են Արցախի Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ երեխաների՝ առաջարկելով շարադրել հայրենի բնակավայրերի մասին իրենց հուշերն ու վերապրումները։ Ալիք Մեդիան ամենօրյա պարբերականությամբ կհրապարակի հադրութցի երեխաների շարադրությունները։ Հեղինակները կպարգեւատրվեն մրցանակներով եւ խրախուսական նվերներով։