Ալիսա Աղասյանը դպրոցում տասներկու տարի մենակ է սովորել․ մատյանում միայն նրա անունն էր, եւ եթե դասի չէր գնում, ուսուցիչները պարապ էին մնում: Երազում էր, որ իր ուսանողական կյանքը կտրուկ կտարբերվի՝ լի կուրսընկերներով, նոր փորձառություններով ու ազատությամբ: Մի հարցում Ալիսան չսխալվեց, ուսանողական կյանքը կտրուկ տարբերվեց դպրոցականից, եւ, չէ՛, նա չունեցավ մեզ բոլորիս ծանոթ դասական ուսանողական կյանքը։ Նրա ուսանողական տարիներն ուղեկցվեցին համավարակով, պատերազմով, շրջափակմամբ ու տեղահանությամբ։
Լրագրության հանդեպ հետաքրքրությունն Ալիսայի մեջ առաջացել էր դեռ դպրոցական տարիներից: Սակայն ընտանիքում այդ որոշմանը թերահավատորեն էին վերաբերվում։
«Ծնողներս դեմ էին, հիասթափված էի, ու վերջին օրերն էին մնացել, որ պետք է ընտրություն կատարեի, թե որ ֆակուլտետ եմ գնալու, արդեն որոշել էի ուղղակի մանկավարժական գնալ, հետո հասկացա, որ պետք է սիրածս մասնագիտությունն ընտրեմ, թե չէ էլ չեմ ձգտի սովորելու»,– պատմում է Ալիսան։
Ալիսայի կրթական ուղին համընկավ մի քանի խոշոր իրադարձությունների հետ, որոնք կտրուկ փոխեցին նրա կյանքը։ Քովիդ-19 համավարակը զրկեց նրան դպրոցական վերջին զանգից: Հետո սկսվեց Արցախյան պատերազմը, որը նշանավորեց նրա առաջին ռեպորտաժը, որտեղ Ալիսան նկարագրում էր, թե ինչպես է փոխվել Արցախը պատերազմից հետո։
Արցախյան պատերազմի հիշողություններ. երկրորդ կուրս
Արդեն ուսանող Ալիսան հարազատ գյուղից՝ Քոլատակից, տեղափոխվեց Ստեփանակերտ եւ ընկերուհիների հետ տուն վարձեց։
«Ամեն շաբաթ գյուղ էի գնում. երբ 20 թվականի պատերազմը սկսվեց, էդ առաջին շաբաթն էր, որ ես գյուղ չէի գնացել։ Կիրակի առավոտ էր, ու պայթյուններից վեր թռանք, իջանք նկուղ։ Պատերազմը շարունակվում էր, ու ես մի կերպ հասա գյուղ։ Եթե անկեղծ, քսան թվին էդպես լուրջ չէի վերաբերվում պատերազմին, երեւի ավելի շուտ չէի հասկանում, թե ինչ է կատարվում, որովհետեւ մեր գիտակցության մեջ նստած էր էդ միտքը, որ մենք պիտի հաղթենք։ Հետո, երբ ասացին, որ պետք ա Արցախից դուրս գանք, զգացի պահի լրջությունը, հակառակվում էի, չէի ուզում դուրս գալ»,– պատմում է Ալիսան։
Առաջին ռեպորտաժը պատերազմի ֆոնին
Ալիսան հիշում է իր առաջին լրագրողական աշխատանքը, որ արեց 44-օրյա պատերազմի ավարտից հետո, երբ վերադարձել էր Ստեփանակերտ։
«Իսկական ուսանողական կյանքը սկսվեց, երբ պատերազմից հետո եկանք Արցախ, ու լավ հիշում եմ առաջին ռեպորտաժս. պատմում էի, թե ինչպես էր փոխվել Արցախը՝ քանդված ճանապարհներ, ջարդված ապակիներ, խանութը, որից միշտ օգտվել էի, չկար։ Ամեն ինչ քանդված էր ու անընդհատ հիշեցնում էր պատերազմի մասին»,– հիշում է նա։
Սակայն պատերազմի ազդեցությունն ակնհայտ էր բոլոր ոլորտների վրա։ Շատ դասախոսներ այդպես էլ հետ չեկան պատերազմից հետո, ինչը զգալի ազդեց կրթական ծրագրերի վրա։
«Մենք լավ մասնագետների կարիք ունեինք, բայց նրանք չկային, փոխվեցին ե՛ւ դասախոսները, ե՛ւ կրթական ծրագիրը»,– պատմում է Ալիսան։
Շրջափակման հետ՝ բախումներ և տեղահանում. երրորդ կուրս
Թվում է, թե ամեն բան կարգավորվում է, եւ Ալիսան կունենա իր երազանքների ուսանողական կյանքը, բայց սկսվեց շրջափակումը, որն էլ ավելի խորացրեց մարդկանց դժվարությունները։ Ստեփանակերտում կյանքը գրեթե կանգ առավ։
«Բլոկադայի ժամանակ շատ դժվար էր, վարձով էի մնում Ստեփանակերտում, ու գյուղ հասնելը շատ մեծ խնդիր էր։ Պետք է մնայի Ստեփանակերտում, բայց էս դեպքում էլ սննդի հարցն էր, քանի որ քաղաքում համարյա ուտելու բան չկար, իսկ գյուղում մարդիկ իրենց ստեղծածով քչից-շատից ապրում էին»,– հիշում է Ալիսան։
Պատերազմի նախօրեին ընկերուհիներով որոշել էին տրանսպորտ գտնել եւ ինչ-որ կերպ հասնել դասի, որ հաջորդ շաբաթը բաց թողնեին։
«Եկանք, ամսի 19-ին, ես ԱրՊՀ գնացի, միջոցառում ունեինք, բայց շուտ տուն եկա, մի քիչ վատ էի զգում։ Անջատումների հետ համապատասխանեցնելով՝ ճաշ էի եփում, մեկ էլ մամաս զանգեց, ասում ա՝ «Լսել եմ, որ պատերազմ ա սկսվելու», մամայիս էլ իր ընկերուհին էր ասել, որի ամուսինը դիրքերում էր։ Ասում ա՝ «Կարեւոր իրերդ հավաքի՛ր ու պատրա՛ստ եղիր», ես էլ դե հանգստացնում եմ, ասում եմ՝ «Չի կարող նման բան լինել, հանգստացի՛ր»։
Լոբի էի սարքում, էդ ժամանակ միակ ուտելու բանը լոբին էր։ Անջատում եմ հեռախոսը, եւ ուղիղ կես ժամ հետո սկսվում է պատերազմը։ Եթե քսան թվականին ես չէի գիտակցում, որ պատերազմ ա սկսվել, ապա հիմա առաջին իսկ պայթյունից հասկացա, թե ինչ ա մեզ սպասում»,– պատմում է Ալիսան։
Նույն պահին տուն է մտնում Ալիսայի ընկերուհին, եւ արագ հավաքելով իրերը՝ վազում են դուրս։ Ալիսայենց բնակարանն առաջին հարկում էր, շենքը նկուղ չուներ։ Վազում են դուրս եւ սկսում գոռալ՝ «Որտե՞ղ նկուղ կա», սակայն ոչ մի արձագանք. բոլորը խուճապահար վազում էին, միայն մի մարդ կանչում է իրենց դեպի նկուղը։
«Հասանք նկուղի մոտ, չեմ հիշում, թե քանիմետրանոց պատ էր, բայց էմոցիաներից էր, ցատկեցինք։ Կապ չկա, ոչ մեկից լուր չունենք ու էդպես չորս պատի մեջ։
Ամենածանր գիշերն էր։ Հետո ծանոթներիցս մեկը եկավ, մեզ գտավ, ու գնացինք մեկ այլ նկուղ։ Շատ հուսահատված էի, չգիտեմ, դժվար ա նկարագրել, թե ինչ էի զգում էդ պահին։ Ով մտնում էր նկուղ, հարցնում էինք Մարտակերտի վիճակը, գլուխներն էին շարժում, առանց որեւէ բան ասելու»,– հիշում է Ալիսան։
«Երբ դուրս եկա նկուղից, տեսա մամայիս ու պապայիս։ Աչքիս առաջ կարծես երազ լիներ, բայց իրական էր. վազեցի ու գրկեցի մերոնց. եկել էին ինձ փնտրելու»,– հիշում է Ալիսան։
Հետո ընտանիքը միացավ Ալիսայի ընկերուհիների ընտանիքներին, միասին ապրեցին Ստեփանակերտի վարձած բնակարանում մինչեւ վերջնական տեղահանումը։
Արցախից դուրս եկան սեպտեմբերի 25-ին, ճանապարհ բռնեցին անորոշության մեջ՝ չիմանալով, թե արդյոք կհասնեն Երեւան։
«Ճանապարհն ամենաահավորն էր, չգիտեինք՝ տեղ կհասնենք, թե ոչ։ Չգիտեինք՝ ինչ կարող է պատահել։ Օդում ինքնաթիռների ձայնն էր, ես չէի հասկանում՝ մեր ինքնաթիռն է, թե թշնամունը, բայց այդ ձայները դեռ երկար ժամանակ մնացին ականջներումս»։
Չորս օր շարունակ նրանք հուսահատ առաջ էին շարժվում, անքուն ու անորոշության մեջ։
«Մենք չէինք պատկերացնում, որ այդքան երկար կգնանք։ Ոչ մի րոպե չկարողացա քնել, հիմնականում չէինք էլ հասկանում՝ ուր ենք հասել»,- պատմում է Ալիսան։
Ճանապարհին տառապանքի հետ զուգահեռ մարդիկ գտնում էին գոյատեւման միջոցներ։ Ալիսայի մայրն ու բարեկամները ճանապարհատրանսպորտային նշան են պոկել, քանի որ որոշել են դրա վրա լոշիկ թխել։ Որպես վառելանյութ օգտագործում էին մոտակայքում եղած փայտերը։ Միակ ունեցածը ալյուրն էր, ջուրն ու աղը։ Մարդիկ հավաքվում էին շուրջը՝ հարցնելով՝ «Վաճառո՞ւմ եք լոշիկները»։ Բայց Ալիսայի ընտանիքը կիսում էր իր ունեցածը մյուսների հետ։
«Մեկը, որ հում կարտոֆիլ ուներ, բերեց ու գցեց կրակի մեջ, որ գոնե այդպես եփվի, ու բոլորս ուտենք»,– պատմում է Ալիսան։
Ալիսայի հիշողություններում հատկապես դաջված է մի պահ, երբ մի փոքրիկ երեխա, մեքենայի լուսամուտից կախված, տեսնելով, թե ինչպես են ջրով ձեռքերը լվանում, գոռում էր՝ «Ջո՜ւր, ջո՜ւր»․․․
Նոր համալսարան. չորրորդ կուրս
Չնայած բոլոր դժվարություններին՝ Ալիսան շարունակեց ուսումը Երեւանի պետական համալսարանում։ Դեռեւս դժվար էր հաշտվել այն փաստին, որ Արցախում ուսանողական կյանքն այլեւս հնարավոր չէր։
«Շատ էի ուզում շարունակել ուսումս։ Նույնիսկ պատերազմի ընթացքում Արցախի պետական համալսարանը (ԱրՊՀ) այնքան կազմակերպված էր, որ բոլորիս կանչեց ու թղթերը հանձնեց՝ տեղափոխվելու համար։ Այլ համալսարաններից լսել էի, որ շատերի ուսանողական գրքույկներն ու փաստաթղթերը գետնին են լցրել ու ասել՝ ով ոնց ուզում է, թող գտնի, վերցնի, գնա։ Շատերը չէին էլ ուզում փնտրել, ոմանք չէին էլ գտել»,– հիշում է Ալիսան։
Երեւան տեղափոխվելուց հետո Ալիսան ու կուրսընկերները շարունակեցին իրենց ուսումը Երեւանի պետական համալսարանում։ Չնայած առարկաների տարբերություններին ու որոշ դժվարություններին՝ ընդհանուր առմամբ ուսումնական պրոցեսն անցել է բավականին թեթեւ։
«Ամեն կերպ կպատկերացնեի ուսանողական կյանքս, բայց ո՛չ այս կերպ։ Ես երեւակայում էի, թե ինչպես պետք է ԱրՊՀ-ի դիմաց նկարվեմ։ Ավարտելիս ընկերներս ինձ նկարում էին, ասում էի՝ «Նենց արեք, որ ԱրՊՀ-ի շենքը երեւա», ասում էին՝ «Ալիսա, սա ԱրՊՀ-ն չէ, սա ԵՊՀ-ն է»։ Հիմա անգամ չգիտեմ՝ կարո՞ղ եմ համարել, որ ԵՊՀ-ն եմ ավարտել»։
Ապագայի հույսերը
Չնայած բազում դժվարություններին՝ Ալիսան չի կորցնում հույսը: Նա շարունակում է սովորել եւ աշխատել, հավատում է, որ մի օր կկարողանա վերադառնալ Արցախ՝ այնտեղից պատմելու իր հայրենիքի եւ նրա մարդկանց մասին։
«Արցախն այլեւս չկա, բայց իմ հույսերը կան»,– ասում է Ալիսան։
Լուսանկարները՝ Ալիսա Աղասյանի անձնական արխիվից
Նկարազարդումերը ստեղծվել են արհեստական բանականության միջոցով
Մուլտիմեդիա լրագրող եմ: Ավելի հաճախ պատմում եմ մարդկանց մասին։ Երբ խոսքը, պատկերն ու ձայնը միանում են, ստացվում են ազդեցիկ պատմություններ: