ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում արդեն իսկ կատարված քայլերին եւ առկա պայմանավորվածություններին:
Նշվում է, որ Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը ընդգծել են կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու եւ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձ են կատարել նաեւ տարածաշրջանային հարցերին:
«Վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հանդիպումը կայացել է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչության եւ Նյու Յորքում գլխավոր հյուպատոսության «Թյուրքեւի» (Թուրքիայի տուն) շենքում՝ մամուլի համար փակ ռեժիմի պայմաններում։