ԱՄՆ փոխնախագահ եւ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին շնորհավորական ուղերձ է հղել, որի տեքստը տարածել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Ուղերձում մասնավորապես ասվում է․
«Ամերիկայի հայ համայնքին։
Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում ձեզ, երբ դուք նշում եք Հայաստանի Անկախության տոնը, որը նախանշում է այն օրը, երբ հայ ժողովուրդը քվեարկեց Խորհրդային Միությունից անջատվելու օգտին՝ ազատ, անկախ ազգ լինելու համար:
Նշելով այս օրը՝ մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանությունը, երբ մոտ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին եւ ուղարկվեցին մահվան: Դա ողբերգություն է, որը շարունակում է ձեւավորել հայ ժողովրդի ինքնությունը։ Ամերիկահայ համայնքի տոկունությունը մնում է ոգեշնչման աղբյուր մեր հավաքական ամերիկյան պատմության մեջ:
Ես հավատարիմ եմ մնում Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ կայուն խաղաղությանը, որը հարգում է ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը:
Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներ անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի արժանապատվությունը եւ տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար:
Ես կշարունակեմ աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման եւ տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում:
Հայաստանն ու նրա ժողովուրդն ունեն հարուստ պատմություն, որը բոլորիս ոգեշնչում է ձգտելու ազատության եւ արդարության: Ես հավատարիմ եմ մնում մեր ազգերի միջեւ կապերի խորացմանը եւ գործընկերության խթանմանը, որը բարձրացնում է մեր ընդհանուր արժեքներն ու ձգտումները: Միասին մենք կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար եւ ազատ աշխարհ»: