Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Նա հայտարարել է, որ պատերազմը պետք է ոչ թե սառեցվի, այլ ավարտվի՝ նշելով, որ խաղաղությունը Ռուսաստանին միայն կարելի է «պարտադրել»։
Ըստ Զելենսկու՝ պատերազմի հենց սկզբից Ռուսաստանը այնպիսի գործողություններ է իրականացրել, որոնք չեն կարող արդարացվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ։
«Սա ուկրաինական ցանկացած ավերված քաղաքն ու գյուղն է, բացի այդ՝ հարյուրավոր ապացույցներ կան, որ օկուպանտները մեր տարածքում հանցագործություններ են կատարում։ Այդ իսկ պատճառով այս պատերազմը պարզապես չի կարող դադարեցվել, այն չի կարող հանդարտվել բանակցություններով։ Անհրաժեշտ են գործողություններ: Ես երախտապարտ եմ բոլոր այն պետություններին, որոնք օգնում են մեզ փրկելու մեր ժողովրդի կյանքը։ Պուտինը բազմաթիվ միջազգային նորմեր ու կանոններ է խախտել եւ ինքնակամ կանգ չի առնելու։ Ռուսաստանին միայն կարելի է պարտադրել խաղաղությունը. անհրաժեշտ է ստիպել Ռուսաստանի Դաշնությանը ընդունել խաղաղություն, կանգնեցնել այս պատերազմում ագրեսորին՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտողին»,- ասել է Ուկրաինայի նախագահն իր ելույթում։
Զելենսկին նշել է՝ Ռուսաստանը ձմռան նախաշեմին «կրկին փորձում է ոչնչացնել» Ուկրաինայի էներգետիկ ոլորտը։ Նա նաեւ պնդում է, որ ռուսական բանակը պատրաստվում է հարձակվելու ուկրաինական ատոմակայանների վրա՝ ընդգծելով, որ Կիեւը դրա համար ունի բավարար ապացույցներ։
Ուկրաինայի նախագահը ելույթում կրկին հայտարարեց, որ պատերազմը կարող է ավարտվել միայն իր առաջարկած «խաղաղության բանաձեւի» հիման վրա։
«Մենք գիտենք, որ աշխարհում ոմանք ցանկանում են խոսել Պուտինի հետ։ Մենք դա գիտենք։ Հանդիպել, խոսել, զրուցել: Բայց ի՞նչ կարող են նրանից լսել։ Թե ինչպես է նրան վրդովեցնում, որ մենք իրացնում ենք մեր ժողովրդին պաշտպանելու իրավունքը։ Թե այն, որ նա ուզում է շարունակել պատերազմն ու ահաբեկչությունը, որպեսզի ոչ ոք չմտածի, որ նա սխալվել է։ Սա նույնպես խելագարություն է»,- ասել է Զելենսկին։
Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ում է սեպտեմբերի 23-ից։ Նախատեսվում է, որ նա ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, ինչպես նաեւ կհանդիպի նախագահ Ջո Բայդենի, նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսի եւ Դոնալդ Թրամփի հետ, որոնց նա կներկայացնի իր «Հաղթանակի ծրագիրը»։