Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին շուրջ 460 միլիոն դրամ է ծախսվելու միայն քվեաթերթիկների տպագրության համար։ Տպագրվելու է 70 միլիոն քվեաթերթիկ:
Նա նշել է նաեւ, որ ԿԸՀ-ին հատկացվող գումարի 80 տոկոսը ծախսվում է որպես տեղամասային հանձնաժողովների անդամների աշխատավարձ։
Մուկուչյանը հավաստիացրել է, որ ընտրությունների ավարտից հետո ԿԸՀ-ն հաշվետվություն կներկայացնի։
Ըստ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում 2021-ի մայիսի 18-ին կատարած լրացման՝ հաստատվել է ՀՀ ԿԸՀ-ին «1096 Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում եւ տեղեկատվության տրամադրում» ծրագրի «ՀՀ Ազգային ժողովի հերթական եւ արտահերթ ընտրությունների, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպում» միջոցառման գծով հատկացված գումարի` բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների տարեկան չափաքանակը` 2,390,000.0 հազար դրամի չափով:
Ըստ Ազգային ժողովի կայքում այսօր տեղադրված «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումներին վերաբերող հաղորդագրության՝ ԿԸՀ-ն նախորդ տարի 7 միջոցառման իրականացման համար օգտագործել է 785 մլն դրամ, կատարողականը կազմել է 95.3 տոկոս:
Նշենք, որ ԿԸՀ-ի կարիքների համար 2020-ին պետբյուջեից հատկացվել 1 մլրդ 179 մլն դրամ. ԿԸՀ բյուջեն ավելացել է շուրջ 26,4 մլն դրամով։