ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի եւ Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ, ինչպես նաեւ ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի ու Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ։
Վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրությունների համաձայն՝ բոլոր հանդիպումների ընթացքում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, երկու երկրների սահմանազատման գործընթացին:
Դուդայի հետ հանդիպմանը վարչապետը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ստորագրել են համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որում արձանագրված է, որ կողմերը սահմանազատման գործընթացում առաջնորդվելու են Ալմա-Աթայի հռչակագրով։ Փաշինյանը նաեւ հավելել է, որ այս պահին երկու երկրներում ընթանում են կանոնակարգի ներքին համաձայնեցման ներպետական ընթացակարգեր։
Քրիստոդուլիդեսի հետ հանդիպմանն էլ ՀՀ վարչապետը նշել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է, եւ Հայաստանը պատրաստ է համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրելու պայմանագիրն ու շարունակելու հետագա քննարկումները:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ, եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդլայնման հարցում կարեւորվել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ հանդիպմանը Փաշինյանը կրկին նշել է, որ Երեւանը պատրաստ է համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրելու պայմանագիրը։
Խոսելով ադրբեջանական կողմի պնդման մասին, թե ոչ մի պայմանագիր չի կարող հակասել Սահմանադրությանը՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի գործող Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակա ուժ Հայաստանի օրենսդրության նկատմամբ: Այսինքն՝ վավերացված միջազգային պայմանագիրն ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետության օրենքը։
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա, քանի որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում կա դրույթ, ըստ որի` կողմերից որեւէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ որպես արդարացում տվյալ միջազգային պայմանագրի դրույթները չիրականացնելու համար:
Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ եւ գործադիր տնօրեն Կոմֆորտ Էրոյի հետ հանդիպմանը նույնպես անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, սահմանազատման գործընթացին, ինչպես նաեւ տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: