ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ:
Հայաստանի արտաքին գերատեսչության հաղորդմամբ՝ նախարարները հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ այս պահին կա խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն, որի իրացման համար անհրաժեշտ է ամուր քաղաքական կամք, որը Հայաստանն իր կողմից հստակ արտահայտել է։
Բացի այս՝ Միրզոյանն ու Բերբոքը քննարկել են երկկողմ օրակարգին եւ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր։
«Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների շարունակական արդյունավետ կյանքի կոչմանը թե՛ անմիջականորեն երկկողմ, թե՛ ԵՄ հարթակում, եւ սա, իհարկե, ՀՀ-ին ավելի է մոտեցնում Եվրոպական միությանը, մենք ուսումնասիրում ենք համագործակցության նոր հեռանկարներ»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։
Կողմերը նաեւ նշել են, որ ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը զարգանում է մի շարք կարեւոր ուղղություններով՝ արտացոլվելով ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգում։