Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին կկայանա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Սրա մասին հաղորդում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունները։
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ հանդիպումը կազմակերպվում է պետքարտուղար Բլինքենի նախաձեռնությամբ։
Նշենք, որ սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Պետդեպարտամաենտի խոսնակ Մեթյու Միլլերը ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնը պարտավորվում է աջակցել կողմերին խաղաղության համաձայնագրի վերջնական ձեւակերպման ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար, եւ այդ համատեքստում պատրաստակամ է նաեւ հանդիպում կազմակերպելու։
Բայրամովն ու Միրզոյանը վերջին անգամ Բլինքենի միջնորդությամբ բանակցություններ վարել էին հուլիսի 10-ին ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակում։